Ի տարբերություն ՀՀ իշխանությունների՝ ադրբեջանական բանտերում հայ գերիները չափազանց ծանր պայմաններում պաշտպանում են հայոց համազգային գաղափարներն ու շահերը, գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ Բաքվի բանտերից հղվող հայ ռազմագերիների ուղերձները տարբեր են, սակայն դրանցում «կարմիր թելով» անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը։
«Քանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, իսկ նրանց ազատությունն օրակարգային չէ, խաղաղությունը բացառված է. դա ոչ թե ինչ-որ մեկի ցանկությունն է, այլ իրավիճակի տրամաբանական եզրահանգում»,- նշել է նա։
Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը հուլիսի 20-ին ուղերձով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով հանրայնորեն ներկայացնել իր դիրքորոշումը 2020 թվականի պատերազմի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջադրած կեղծ մեղադրանքների առնչությամբ։
Շուրջ երեք տարի գտնվելով անազատության մեջ՝ Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը հայտարարել էր տոկունության պահպանման մասին և շնորհավորել հայությանը պետականության վերականգնման օրվա՝ մայիսի 28-ի առթիվ։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ամանորին կիսվել էր «ինքն իր մեջ ճանապարհորդության» մասին մտորումներով, հիշել ընտանիքի ամանորյա ավանդույթները և տոնի զգացումը համեմատել Ռիո դե Ժանեյրոյի կառնավալի հետ՝ ընդգծելով, որ պարզապես դիտորդ լինելը բավարար չէ, կարևոր է լինել մասնակից։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հուլիսի 25-ին հայտնել էր Ադրբեջանում պահվող հայ գերիների շրջանում ծանր վնասվածքների վերաբերյալ ստացված տվյալների մասին։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Արցախի նախկին առաջնորդները 2025 թվականի դեկտեմբերին դատապարտվել էին 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել էր նրանց վաղաժամ ազատ արձակման հնարավորությունը։
































