Հայկական ծագմամբ ծովանկարիչ Հովհաննես (Իվան) Այվազովսկու և այլ վարպետների կտավները Մոսկվայում աճուրդի կհանվեն 1 միլիարդ ռուբլով, հայտնում է Մոսկվայի աճուրդային տան մամուլի ծառայությունը։
Աճուրդը տեղի կունենա հուլիսի 26-ին։ Առանցքային լոտերի թվում են «Յալթայի ափերի մոտ» կտավը, որը ներկայացված է 420 000 դոլարով (մոտ 33 միլիոն ռուբլի), ինչպես նաև «Լուսնկա գիշերը Ղրիմում» փոքրադիր բնանկարը։
Աճուրդային տանը նշել են, որ ծովանկարչի ստեղծագործությունը մշտապես գրավում է կոլեկցիոներների ուշադրությունը․ նրա աշխատանքներում բազմիցս հանդիպում են փոթորկոտ ծովի և ալիքների մեջ մենավոր առագաստանավի պատկերով հորինվածքներ, լեռների ուղվագծեր, լանդշաֆտներ։
Նկարիչը տարիների ընթացքում տարբերակել է այս մոտիվը՝ ստեղծելով ինչպես մեծ կտավներ, այնպես էլ մանրանկարչական բնանկարներ։ Ստեղծագործություններն առանձնանում են տարերքի ռոմանտիկ կերպարով՝ համադրված լանդշաֆտի ու նավերի դետալների մանրակրկիտ մշակմամբ, ինչպես նաև մթնոլորտային երևույթների և բնության վիճակների նրբերանգների նկատմամբ ուշադրությամբ։
Այվազովսկու աշխատանքներից բացի, աճուրդի են հանվել նաև Կոնստանտին Մակովսկու, Նիկոլայ Ռերիխի, Կուզմա Պետրով-Վոդկինի, Բորիս Կուստոդիևի և այլ ականավոր գեղանկարիչների ստեղծագործություններ։ Մաքուր ծագումնաբանությունը (պրովենանս), կատարման հազվագյուտ տեխնիկան և ստեղծագործությունների թանգարանային մասշտաբը ձևավորել են հավաքածուի ընդհանուր գնահատված արժեքը՝ 1 միլիարդ ռուբլի, ինչն սպասվող աճուրդը դարձնում է արվեստի մրցաշրջանի ամենաաղմկոտ իրադարձություններից մեկը։




































