ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 10-12,5% մաքսատուրք է սահմանել 60 երկրից ներմուծվող ապրանքների նկատմամբ՝ հարկադիր աշխատանքով արտադրված ապրանքների մուտքը չարգելելու կամ գործող սահմանափակումներն արդյունավետ չկիրառելու համար, հայտնում է Politico-ն։
Նոր մաքսատուրքերը գործելու են հուլիսի 24-ից՝ փոխարինելով 10% ժամանակավոր համընդհանուր դրույքաչափին։ Արգենտինայի, Կանադայի, Հնդկաստանի, Մեքսիկայի, Մեծ Բրիտանիայի և ևս 12 գործընկերների ապրանքների համար սահմանվել է 10% մաքսատուրք, իսկ հետաքննության մեջ ներառված մյուս տնտեսությունների մեծ մասի համար՝ 12,5%։
ԵՄ-ից և Թայվանից ներմուծվող ապրանքների դեպքում գործող և նոր մաքսատուրքերի ընդհանուր դրույքաչափը չի գերազանցի 10%-ը, իսկ Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Շվեյցարիայի դեպքում՝ 12,5%-ը։ Որոշ հումքեր ԱՄՆ-ում բավարար քանակով չարտադրվող ապրանքներ և տնտեսության համար խաթարումներ առաջացնելու վտանգ ունեցող ներմուծումներ ազատվել են մաքսատուրքերից։
Հայաստանը մաքսատուրքերի կիրառման ենթակա ցանկում ներառված չէ։
Վաշինգտոնը նաև շարունակում է առանձին հետաքննությունները 16 առևտրային գործընկերների արդյունաբերական գերհզորությունների և Գերմանիայում դեղերի գնագոյացման քաղաքականության վերաբերյալ, որոնք կարող են հանգեցնել լրացուցիչ մաքսատուրքերի։
2025 թվականին Թրամփը, հղում անելով Արտակարգ միջազգային տնտեսական լիազորությունների մասին օրենքին (IEEPA), Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների մեծ մասի նկատմամբ սահմանել էր 25%, Չինաստանի ապրանքների նկատմամբ՝ սկզբում 10%, ապա՝ 20% մաքսատուրք։ Նա նաև առնվազն 10% «փոխադարձ» մաքսատուրք էր սահմանել ԱՄՆ-ի բոլոր առևտրային գործընկերներից ներմուծվող ապրանքների նկատմամբ՝ տասնյակ երկրների համար նախատեսելով ավելի բարձր դրույքաչափեր։
ԱՄՆ գերագույն դատարանը փետրվարին չեղարկել էր Թրամփի՝ արտակարգ տնտեսական լիազորությունների մասին օրենքի հիմքով սահմանած «փոխադարձ» մաքսատուրքերը, որից հետո Սպիտակ տունը 150 օրով սահմանել էր 10% համընդհանուր մաքսատուրք, իսկ նոր դրույքաչափերը սահմանվել էին 1974 թվականի Առևտրի մասին օրենքի 301-րդ բաժնի հիմքով։






































