Կառավարությունը հաստատել է նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման դիմումները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգում։
Որոշմամբ ընդլայնվել են էլեկտրոնային ծառայությունների հնարավորությունները, սահմանվել է բանկերի և հիփոթեքային վարկ տրամադրող վարկային կազմակերպությունների մասնակցության նոր կարգ և կատարվել են փաստաթղթերի ներկայացման պահանջների փոփոխություններ։
Որոշմամբ իրավաբանական անձինք էլեկտրոնային եղանակով դիմումներ և փաստաթղթեր ներկայացնելիս, լիազորագրով գործելու դեպքում, էլեկտրոնային համակարգ պետք է վերբեռնեն նաև իրավաբանական անձի կողմից տրված՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված լիազորագիրը։ Միաժամանակ այդ պահանջը չի տարածվի օտարերկրյա պետություններում գրանցված իրավաբանական անձանց վրա։
Փոփոխություններով նաև նախատեսվում է հատուկ կարգ սահմանել բանկերի և հիփոթեքային վարկ տրամադրելու իրավասություն ունեցող վարկային կազմակերպությունների համար։ Կառավարության հաստատած օրինակելի ձևերով կնքված կառուցվող անշարժ գույքի ձեռքբերման և հիփոթեքի, ինչպես նաև անշարժ գույքի առքուվաճառքի և հիփոթեքի խառը պայմանագրերից բխող իրավունքների պետական գրանցման դիմումները կկարողանան ներկայացնել միայն համապատասխան բանկերը կամ վարկային կազմակերպությունները, որոնք նախապես հաշվառված կլինեն պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում։
Նախագիծը փոխում է նաև էլեկտրոնային փաստաթղթերի ներկայացման կարգը։ Եթե փաստաթուղթը հաստատված է այն տրամադրողի էլեկտրոնային թվային ստորագրությամբ, այն կներկայացվի որպես էլեկտրոնային բնօրինակ, իսկ նման ստորագրության բացակայության դեպքում՝ տեսաներածված պատճենի ձևով։
Բացի այդ, դիմումների ընդունման ընթացքում պետական ռեգիստրը կստուգի ներկայացված էլեկտրոնային ստորագրությունների իսկությունն ու դրանց պատկանելությունը, իսկ օրենքով նախատեսված որոշ հիմքերի առկայության դեպքում համակարգը տեխնիկապես չի թույլատրի դիմումի մուտքագրումը։
Որոշումն ուժի մեջ կմտնի անշարժ գույքի պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում անհրաժեշտ գործիքակազմի ներդրումից և գործարկումից հետո, սակայն ոչ ուշ, քան դրա պաշտոնական հրապարակումից վեց ամիս անց։






































