Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորացման հեռանկարները, հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը՝ կողմերն ընդգծել են տարածաշրջանում կայուն և տևական կայունության ապահովման անհրաժեշտությունը։
Փաշինյանն ու Մերցը դիտարկել են նաև Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ համագործակցության հետևողական զարգացման ուղիները։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Գերմանիայի կանցլերը հուլիսի 21-ին ստորագրել էին երկու երկրների միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին համատեղ հռչակագիր։ Գերմանիայի կառավարության Հարավային Կովկասի և Արևելյան Եվրոպայի հարցերով համակարգող Նիկլաս Վագները հայտնել էր, որ Բեռլինն ու Բաքուն խորացրել են երկկողմ հարաբերությունները՝ ընդունելով ռազմավարական օրակարգ։
Նրա խոսքով՝ կողմերը կաշխատեն ընդլայնել համագործակցությունը տարբեր ոլորտներում և ողջունում են Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում գրանցված առաջընթացը։






































