Սպորտային լրագրողների միջազգային ասոցիացիան (AIPS) հրապարակել է 2026 թվականի աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստների տասնյակը։
Վարկանիշը գլխավորել է Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին, որին հաջորդում են Կիլիան Մբապեն և Ջուդ Բելինգհեմը։
AIPS-ի հաղորդմամբ՝ մրցանակաբաշխությունն անցկացվել է առաջին անգամ։ Քվեարկությանը մասնակցել է 472 մարզական լրագրող 121 երկրից։
39-ամյա Մեսսին հավաքել է 1179 միավոր, Մբապեն՝ 717, իսկ Բելինգհեմը՝ 470։ Լավագույն հնգյակում ընդգրկվել են նաև Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն և աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 19-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը, որը դարձել է իր հավաքականի ամենաբարձր տեղ զբաղեցրած ֆուտբոլիստը։
Լավագույն տասնյակում ներառվել են նաև Ֆրանսիայի հավաքականի Դեզիրե Դուեն և Կիլիան Սիլդիլիան, Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Վիտինյան, Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Կոլ Պալմերը և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Պեդրին։
ԱԱ-2026-ը մեկնարկել էր հունիսի 11-ին և ավարտվել հուլիսի 19-ին։ Առաջնությունն անցկացվել է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Իսպանիայի հավաքականը ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում երկրորդ անգամ նվաճել էր ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը՝ լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով հաղթելով գործող չեմպիոն Արգենտինային։






































