Հայաստանը և Հունաստանը կդառնան Հոմերոսի «Ոդիսականի» հիման վրա նկարահանվող «Ոդիսևս» (Odysseus) նոր հեռուստասերիալի նկարահանման հիմնական հարթակները, հայտնել է լրատվամիջոցը։
Ըստ լրատվամիջոցի՝ նկարահանումները կսկսվեն 2027 թվականի սկզբին։ Մասշտաբային նախագիծն իրականացնում են հունական Tanweer Productions-ը, ամերիկյան նորաստեղծ Tectonic պրոդյուսերական լեյբլը և ամերիկահայկական USATV հեռուստաընկերությունը։
Նախագծի հեղինակ և գլխավոր պրոդյուսերը Կառլ Գայդուշեկն է (Karl Gajdusek), որը հայտնի է «Տարօրինակ դեպքեր» (Stranger Things) սերիալի առաջին եթերաշրջանից։ Գլխավոր պրոդյուսերներից մեկն էլ USATV-ի ներկայացուցիչ Վահան Սարգսյանն է։ Ռեժիսորը՝ Ռուել Ռեյնե (Roel Reiné), հայտնի է «Սև առագաստներ» (Black Sails), «Հալո» (Halo) և «Վաշինգտոն» (Washington) նախագծերից։ Պիլոտային (փորձնական) սերիայի սցենարի վրա աշխատել են Շոն Ֆինեգանը (Sean Finegan), Սքոթ Ուինդհաուզերը (Scott Windhauser), Նոա Լենգը (Noah Lang) և Բլեյք Հոսը (Blake Hoss)։
Ֆիլմը պատմում է 3000-ամյա պատմության առավել իրատեսական և պատմականորեն հավաստի տարբերակը՝ զերծ մնալով դիցաբանական չափազանցություններից և կենտրոնացած է Բրոնզե դարաշրջանի իրական բախումների, դավաճանությունների, գոյատևման պայքարի և այն պատմական գործընթացների վրա, որոնք հանգեցրել էին այդ դարաշրջանի փլուզմանը։
Նշվում է, որ սերիալը կապ չունի կինոթատրոններում ցուցադրվող Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսականը» (The Odyssey) ֆիլմի հետ, սակայն հեռուստասերիալի թողարկումը նախապատրաստվում է հենց այդ բլոկբաստերի հանդեպ հանրային մեծ հետաքրքրության ալիքի վրա։
Նախագծի դերասանական կազմի, հեռարձակող հարթակի կամ հստակ էկրան բարձրանալու ժամկետների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն կայքը չի հայտնել։






































