«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կալանավորված նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ իր հետ կապվող ձեռնարկությունների գործունեության կասեցումը որևէ առնչություն չունի իր նկատմամբ հարուցված քրեական վարույթի հետ և նպատակ ունի ճնշում գործադրել իր վրա, ասվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տարածած նրա հայտարարությունում։
Ծառուկյանը նշել է, որ վաղուց դուրս է եկել այդ ձեռնարկությունների կառավարումից և չի միջամտել դրանց ընթացիկ գործունեությանը։ Քաղաքական գործչի գնահատմամբ՝ հենց այդ պատճառով էլ ձեռնարկությունների աշխատանքների կասեցումն ուղղված է բացառապես իրեն վնաս հասցնելուն։
«Բոլորին հասկանալի է, որ այդ ձեռնարկությունների ապօրինի կասեցումն արվում է ինձ ցավ պատճառելու համար»,- նշվում է հայտարարությունում։
Նրա խոսքով՝ ձեռնարկությունների աշխատանքի դադարեցումը հարված է հասցնում ոչ միայն իր հետ կապվող բիզնեսին, այլև երկրի տնտեսությանը։
«Աշխատող, բարիք ստեղծող ձեռնարկությունները կանգնեցվել են։ Դա հարված է ոչ միայն արդար քրտինքով ապրուստ վաստակող մարդկանց, այլև երկրի տնտեսության ամբողջական ոլորտներին»,- հայտարարել է նա։
Ծառուկյանի խոսքով՝ այդ ձեռնարկություններն աշխատանքով ապահովում են հազարավոր մարդկանց, իսկ դրանց գործունեության հետ առնչվում են տասնյակ հազարավոր գործընկերներ, որոնց բիզնեսը նույնպես վնասներ է կրում։
Ծառուկյանը նաև շնորհակալություն է հայտնել իրեն աջակցող հանրային գործիչներին՝ նշելով, որ նման քայլերը «երբեք չեն մոռացվում»։
Հայտարարության մեջ նա անդրադարձել է նաև Հիսուս Քրիստոսի արձանի կառուցմանը՝ հայտնելով, որ մտադիր է մոտ ապագայում ձևավորել արձանի բացման արարողության կազմակերպման աշխատանքային խումբ և ակնկալում է աշխարհի տարբեր երկրներից հայտնի հյուրերի մասնակցությունը։
«Ես ունեմ այն խոր, անխախտելի զգացողությունը, որ այդ արձանի կառուցումը մեր երկրի համար նոր, լուսավոր շրջան է բացելու»,- նշել է նա։
Վերջին երեք օրերին Ծառուկյանի հետ կապվող ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով ապամոնտաժել կապարակնիքներն ու վերականգնել ձեռնարկությունների աշխատանքը։ Ակցիաներին մասնակցել են «Մուլտի Սթոուն», «Մուլտի Տաբակ», «Մուլտի Գրանդ» հյուրանոցի, Երևանի կոնյակի-գինու-օղու «Արարատ» կոմբինատի և «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցային համալիրի աշխատակիցները։ Նրանք հայտարարել են, որ քննչական գործողությունները կարող են իրականացվել առանց արտադրության դադարեցման, իսկ ձեռնարկությունների փակման հետևանքով հազարավոր մարդիկ զրկվել են աշխատանքից։
Հուլիսի 6-ի առավոտյան Ծառուկյանի բնակարանում, ինչպես նաև ավելի քան 70 ընկերությունում խուզարկություններից հետո նրան ձերբակալել էին, հուլիսի 7-ին՝ կալանավորել։ Ծառուկյանի բազմաթիվ ընկերություններ շարունակում են կապարակնքված մնալ, ինչն առաջացրել է աշխատակիցների դժգոհությունը և բողոքի ակցիաների պատճառ դարձել։
Ծառուկյանին մեղադրում են նաև ապօրինի որսի մեջ, և այդ վարույթի շրջանակում նրա առաձնատնից առգրավվել էին կենդանիների խրտվիլակներ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, առյուծներից մեկը քնեցումից չէր արթնացել։ Ծառուկյանն իրեն առաջադրված մեղադրանքներն անվանել էր «սուտ» և «փուչիկ»։
Կարդացեք նաև՝
«Աշխատակիցները չպետք է տուժեն»․ Ծառուկյանի ձեռնարկություններում ակցիաներ են անցկացվել





































