ԱՄՆ զինված ուժերը նոր ավիահարվածներ են հասցրել Իրանին, հայտնել է ABC News հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։ Միևնույն ժամանակ, իրանական Fars գործակալությունը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտարարել է Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազաներում որոտացած պայթյունների մասին։
ABC News-ի տեղեկություններով՝ ավիահարվածները շարունակվել են մի քանի ժամ։ Իրանական Mehr գործակալությունն իր հերթին հայտնում է, որ «թշնամական արկը» հասել է Քեշմ կղզի։ Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։
Fars գործակալությունը նշում է, որ Բահրեյնում գտնվող ԱՄՆ «Շեյխ Իսա» ավիաբազան և ԱՄՆ 5-րդ նավատորմի բազան ենթարկվել են ինտենսիվ հրթիռային հարվածների։ Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ բոլոր ինքնաթիռները, որոնք ընթանում էին դեպի Բահրեյն, փոխել են իրենց կուրսը և տագնապի ազդանշաններ տվել։
Ավելի լայն տարածաշրջանային հակամարտության ֆոնին մարտի 2-ին՝ «Հեզբոլլահ»-ն ու Իսրայելը վերսկսել էին պատերազմը։ Հունիսի 26-ին Իսրայելը և Լիբանանը, ԱՄՆ միջնորդությամբ, ստորագրել էին հակամարտության փուլային կարգավորման շրջանակային համաձայնագիր, որը նախատեսում էր իսրայելական զորքերի մասնակի դուրսբերում Լիբանանի տարածքից։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ առաջին փուլում Իսրայելը դուրս կգա Լիբանանի հարավում գտնվող երկու տարածքից՝ Լիտանի գետից հյուսիս և հարավ։ «Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը մերժել էր համաձայնագիրը և փաստաթուղթն անվանել «կապիտուլյացիա»։




































