ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հայտարարել է Լիբանանից և Սիրիայից զորքերը դուրս բերելու անհրաժեշտության մասին, հայտնել է Axios պորտալը։
Հղում անելով ամերիկյան և իսրայելական անանուն պաշտոնյաներին՝ պորտալը հստակեցրել է, որ Թրամփն իր այս դիրքորոշումը Նեթանյահուին է փոխանցել հուլիսի 9-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում։ Թրամփն Իսրայելի կառավարության ղեկավարին հայտնել է, որ հրեական պետությունը «պետք է սկսի վերատեղաբաշխել ուժերը Սիրիայից»։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հոդվածում, Թրամփը Նեթանյահուին հորդորել է «նույնն անել նաև Լիբանանում»։
Ամերիկացի պաշտոնյայի վկայությամբ՝ Թրամփը նախազգուշացրել է Նեթանյահուին, որ Սիրիայում Իսրայելի զորքերի ներկայությունը «լարվածություն է ստեղծում և կարող է հանգեցնել էսկալացիայի»։
«Նրանք ձեզ այնտեղ չեն ցանկանում տեսնել։ Դուք պետք է վերատեղաբաշխեք ուժերը»,- Սիրիայի մասին խոսելիս վարչապետին ասել է նախագահը։
Ինչպես ընդգծել է ամերիկացի պաշտոնյան, նույնը վերաբերում է նաև Լիբանանին։
Ավելի լայն տարածաշրջանային հակամարտության ֆոնին մարտի 2-ին՝ «Հեզբոլլահ»-ն ու Իսրայելը վերսկսել էին պատերազմը։ Հունիսի 26-ին Իսրայելը և Լիբանանը, ԱՄՆ միջնորդությամբ, ստորագրել էին հակամարտության փուլային կարգավորման շրջանակային համաձայնագիր, որը նախատեսում էր իսրայելական զորքերի մասնակի դուրսբերում Լիբանանի տարածքից։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ առաջին փուլում Իսրայելը դուրս կգա Լիբանանի հարավում գտնվող երկու տարածքից՝ Լիտանի գետից հյուսիս և հարավ։ «Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը մերժել էր համաձայնագիրը և փաստաթուղթն անվանել «կապիտուլյացիա»։




































