Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի Սամվել Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցը հայտնել է իր աշակերտուհու՝ 13-ամյա Տաթև Ֆախուրյանի մահվան մասին։
Armenia Today-ին քննչական կոմիտեից հաստատել են աղջկա մահվան լուրը՝ առանց մանրամասների։ ՔԿ-ից միայն նշել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։
«Սա անդառնալի և ծանր կորուստ է մեր դպրոցի համար»,- ասված է կրթական հաստատության հաղորդագրության մեջ։ Դպրոցի տնօրինությունը, մանկավարժական կազմն ու աշակերտները ցավակցություն են հայտնել աղջկա ընտանիքին, հարազատներին և դասընկերներին։
Տաթևի մահվան մասին հայտնել է նաև Girls of Armenia Leadership Soccer (GOALS) կազմակերպությունը, որի Քաղցրաշենի ֆուտբոլի թիմի կազմում նա հանդես էր գալիս։
«Խորը ցավով հայտնում ենք մեր սիրելի Տաթևի՝ GOALS-ի Քաղցրաշենի թիմի անդամի անժամանակ մահվան մասին»,- ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ։ Այնտեղ նույնպես ցավակցություն են հայտնել աղջկա ընտանիքին, ընկերներին, մարզչին և բոլոր նրանց, ովքեր ճանաչում էին նրան։
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով՝ ողբերգությունը տեղի է ունեցել հուլիսի 13-ին՝ Քաղցրաշենում։ Պարբերականը, հղում անելով համագյուղացիներին, հայտնել է, որ աղջկա ինքնազգացողությունը վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է։
Գյուղի վարչական ղեկավար Աշոտ Խալաթյանը հաստատել է մահվան փաստը և հայտնել, որ դպրոցականն ունեցել է «գլխի հետ կապված թարախային պրոցեսներ»։ Նա նաև նշել է, որ, ըստ բնակիչների խոսքերի, աղջիկն էներգետիկ ըմպելիքներ է օգտագործել։ Մահվան պատճառի ու հանգամանքների մասին պաշտոնական տեղեկատվություն այս պահին չկա։






































