ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ «Միասնության թևեր» կուսակցության անունից ընտրակաշառք տալու ենթադրյալ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում երկու անձ է ձերբակալվել։
Ըստ նախաքննության՝ «Միասնության թևեր» կուսակցության անունից հանդես եկող անձը Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրում հաշվառված զինծառայող ընտրողին դրամական միջոց է տվել՝ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու և իրենց քաղաքական ուժի օգտին քվեարկելու պայմանով։
Կոմիտեն նաև հրապարակել է ձայնագրության մի հատված, որը, ըստ նախաքննության, պարունակում է «Միասնության թևեր» կուսակցության անունից հանդես եկող անձի և զինծառայողի միջև տեղի ունեցած խոսակցությունը։ Կոմիտեի պնդմամբ՝ ձայնագրությունում քննարկվում են դրամական միջոցների փոխանցումը, խորհրդարանական ընտրություններին մասնակցելը և տվյալ քաղաքական ուժի օգտին քվեարկելը։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում իրականացվել են խուզարկություններ և այլ քննչական ու վարութային գործողություններ։
ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկից ի վեր Հակակոռուպցիոն կոմիտեն պարբերաբար հաղորդում է ընտրակաշառքի ենթադրյալ դեպքերի վերաբերյալ նախաձեռնված վարույթների մասին։ Ավելի վաղ գերատեսչությունը նմանատիպ գործերի մասին հայտնել էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի, «Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների անունից հանդես եկող անձանց առնչությամբ։




































