Հայաստանում քաղցկեղի առաջնային հիվանդացության ցուցանիշը 2024 թվականին աճել է 19,4%-ով՝ հասնելով 1990 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին, հայտնել է ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը՝ հղում անելով Առողջապահության ազգային ինստիտուտի զեկույցին։
Նրա հաշվարկով՝ մեկ տարվա ընթացքում արձանագրված աճն ավելի քան չորս անգամ գերազանցել է 2019-2024 թվականների միջին տարեկան աճի տեմպը, որը կազմել է շուրջ 4,7%։
2024 թվականին Հայաստանում կյանքում առաջին անգամ չարորակ նորագոյացություն է ախտորոշվել 10 174 մարդու մոտ՝ 2023 թվականի 8327-ի դիմաց։ Նոր հայտնաբերված դեպքերի թիվը մեկ տարում աճել է շուրջ 22%-ով։
Միաժամանակ 100 հազար բնակչի հաշվով առաջնային հիվանդացության ցուցանիշը 280,9-ից հասել է 335,4-ի՝ աճելով 19,4%-ով։ Հետմահու հայտնաբերված դեպքերն այս վիճակագրության մեջ ներառված չեն։
Վարդանյանը նշել է, որ 1990 թվականի համեմատ նոր հայտնաբերված դեպքերի թիվը գրեթե կրկնապատկվել է՝ 5162-ից հասնելով 10 174-ի, իսկ 100 հազար բնակչի հաշվով հիվանդացության ցուցանիշն աճել է շուրջ 2,3 անգամ՝ 145,1-ից հասնելով 335,4-ի։
Զեկույցի տվյալներով՝ 2024 թվականին նոր դեպքերից 5487-ը գրանցվել է կանանց, 4687-ը՝ տղամարդկանց շրջանում։ Հիվանդների 5095-ը՝ շուրջ կեսը, եղել է 65 և բարձր տարիքի։ Տարեվերջին Հայաստանում չարորակ նորագոյացություններով հաշվառված էր 70 961 պացիենտ՝ 2023 թվականի 63 386-ի դիմաց։
Տղամարդկանց շրջանում առավել հաճախ առաջին անգամ ախտորոշվել են շնչափողի, բրոնխների և թոքերի չարորակ նորագոյացությունների 806 դեպք։ Հաջորդել են շագանակագեղձի 568 և միզապարկի քաղցկեղի 492 դեպք։ Կանանց շրջանում առաջին տեղում եղել է կրծքագեղձի քաղցկեղը՝ 1634 դեպք։
Հիվանդության փուլերի վերաբերյալ տվյալներ ունեցող 6826 նոր դեպքերից 3304-ը՝ 48,4%-ը, ախտորոշվել է առաջին կամ երկրորդ փուլում, 1649-ը՝ 24,2%-ը՝ երրորդ, իսկ 1873-ը՝ 27,4%-ը՝ չորրորդ փուլում։ Բոլոր փուլերը ներառող հնգամյա ապրելիության ցուցանիշը կազմել է 57,5%։
Վարդանյանի խոսքով՝ վիճակագրական աճի վրա կարող են ազդել բնակչության ծերացումը, ախտորոշման մեթոդների կատարելագործումը, դեպքերի հաշվառման բարելավումը և հաշվառման մեթոդաբանության փոփոխությունները։ Սակայն, նրա գնահատմամբ, բնակչության ծերացումը աստիճանական գործընթաց է և չի կարող բացատրել մեկ տարվա ընթացքում նոր հայտնաբերված դեպքերի 22%-անոց աճը։
Նա ընդգծել է, որ 2024 թվականի ռեկորդային ցուցանիշը չի կարելի անտեսել, և այն ուշադրություն է պահանջում ինչպես առողջապահական համակարգի, այնպես էլ հասարակության կողմից։
Վարդանյանը քաղցկեղի դեմ պայքարի կարևոր միջոցներ է համարել կանոնավոր կանխարգելիչ հետազոտությունները, վաղ ախտորոշումը, շրջակա միջավայրի բարելավումն ու ռիսկերի գրագետ կառավարումը։ Նա նաև հորդորել է պահպանել քաղաքների բնությունը և սակավաթիվ հասուն ծառերը։
Վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներով՝ 2025 թվականին Հայաստանում մահացել է 25 564 մարդ՝ 2024 թվականի 25 435-ի դիմաց։ Մահերի ընդհանուր թիվն աճել է 129-ով կամ 0,5%-ով։
2025 թվականին նորագոյացություններից մահացել է 5148 մարդ՝ 2024 թվականի 5257-ի դիմաց։ Մահվան դեպքերի թիվը նվազել է 109-ով կամ 2,1%-ով։ Նորագոյացություններին բաժին է ընկել երկրում գրանցված բոլոր մահերի 20,1%-ը՝ նախորդ տարվա 20,7%-ի դիմաց։ Դրանք մահվան պատճառների շարքում երկրորդ տեղում են եղել՝ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից հետո։
2026 թվականի հունվար-մարտին Հայաստանում մահացել է 6574 մարդ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 7199-ի դիմաց։ Մահերի ընդհանուր թիվը նվազել է 625-ով կամ 8,7%-ով։
2026 թվականի առաջին եռամսյակում նորագոյացություններից մահացել է 1347 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1285-ի դիմաց։ Աճը կազմել է 62 դեպք կամ 4,8%։ Նորագոյացությունների բաժինը մահերի ընդհանուր կառուցվածքում 17,8%-ից հասել է 20,5%-ի՝ աճելով 2,7%-ով։ Առաջին երեք ամիսներին միջինում օրական գրանցվել է նորագոյացություններից մահվան շուրջ 15 դեպք։
Վիճակագրական կոմիտեի տվյալներում կիրառվում է C00-D48 «նորագոյացություններ» ընդհանուր կատեգորիան, որը ներառում է ոչ միայն չարորակ, այլև բարորակ և անորոշ բնույթի նորագոյացությունները։





































