Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը կարող է ուժեղացնել սաուդյան «Ալ-Ահլին» և հաջողության հասնել երկրի առաջնությունում, «Եվրո-Ֆուտբոլ.Ռու»-ին տված հարցազրույցում հայտարարել է ֆուտբոլային գործակալ Ահմեդ ալ-Մուալիմը։
Գործակալի խոսքով՝ ինքը վաղուց հետևում է կիսապաշտպանի կարիերային և լավ ծանոթ է նրա շրջապատի մարդկանց հետ, սակայն չի մասնակցել տրանսֆերի կազմակերպմանը։ Ալ-Մուալիմը նշել է, որ «Կրասնոդարում» Սպերցյանը առանցքային ֆուտբոլիստ էր, իսկ նրա խաղաոճն ու փորձը կօգնեն նոր թիմին լուծել իր առջև դրված խնդիրները։
«Կարծում եմ, որ Սաուդյան Արաբիայում էլ նա կարող է դրսևորել իրեն և մեծ հաջողությունների հասնել։ Նրա համար սա նույնպես լավ փորձ է՝ հաշվի առնելով, թե ինչ խնդիրներ է իր առջև դնում «Ալ-Ահլին»», - ասել է ալ-Մուալիմը։
«Կուբանի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Չուգունովն իր հերթին Սպերցյանի հեռանալը «Կրասնոդարի» համար դժվար լրացվող կորուստ է անվանել։
Նրա խոսքով՝ հայ կիսապաշտպանը թիմի գլխավոր ստեղծագործ ֆուտբոլիստն էր, պահեր էր ստեղծում, գոլեր խփում և որակյալ էր իրացնում ստանդարտ դիրքերը։ Չուգունովը Սաուդյան Արաբիա տեղափոխությունը ճիշտ որոշում է անվանել՝ նշելով, որ Սպերցյանը գտնվում է ֆուտբոլային հասուն տարիքում և կկարողանա մրցակցել տեղական առաջնության աստղերի հետ։
Սպերցյանը «Կրասնոդարից» տեղափոխվել է «Ալ-Ահլի»՝ ստորագրելով երեք տարվա պայմանագիր՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Տրանսֆերի արժեքը կազմել է €25 մլն, ևս €5 մլն նախատեսված է բոնուսների տեսքով։ Ռուսական ակումբը նաև կստանա ֆուտբոլիստի հաջորդ տրանսֆերի գումարի 10%-ը։ ԶԼՄ-ների տվյալներով՝ Սպերցյանի աշխատավարձը կգերազանցի տարեկան €8 մլն-ը։
«Կրասնոդարի» սանը հիմնական թիմում հանդես էր գալիս 2020 թվականից։ Նախորդ մրցաշրջանում նա անցկացրել է 42 հանդիպում, խփել 14 գոլ և կատարել 17 արդյունավետ փոխանցում՝ դառնալով Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստը «գոլ+փոխանցում» համակարգով։ 2024/25 մրցաշրջանում Սպերցյանն օգնել է «Կրասնոդարին» առաջին անգամ դառնալ Ռուսաստանի չեմպիոն, իսկ 2025 թվականին ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։






















