Հոլանդական «Կանանց իրավունքների կոլեկտիվ» ոչ կառավարական կազմակերպությունը սկսել է պատրաստել խմբային հայց Առողջապահության նախարարության դեմ՝ արգանդի վզիկի քաղցկեղի ազգային սկրինինգային ծրագրին մասնակցող 940,000 կանանց անձնական տվյալների արտահոսքի վերաբերյալ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Hart van Nederland պորտալին։
Կազմակերպության տվյալներով՝ եթե հայցը ընդունվի, ապա որպես պատասխանողներ հանդես կգան ինչպես «Կլինիկական ախտորոշման» բժշկական լաբորատորիան, որտեղից տեղի է ունեցել արտահոսքը, այնպես էլ Առողջապահության նախարարությունը։ Կազմակերպությունը հայտարարել է, որ մտադիր է փոխհատուցում պահանջել տուժածների համար և օգնել կանանց որոշել, թե ինչ անձնական տվյալներ են գողացվել և ինչ ռիսկեր կարող են դրանք ներկայացնել։
Նախաձեռնությունը սկսվել է Առողջապահության և երիտասարդության հարցերի տեսչության (IGJ) կողմից անցկացված հետաքննության արդյունքներից հետո։ Մայիսին գերատեսչությունը եզրակացրել է, որ լաբորատորիան չի կարողացել բավարար կերպով պաշտպանել հիվանդների գաղտնի տեղեկատվությունը։ Արդյունքում, հաքերները հասանելիություն են ստացել արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգային ծրագրին մասնակցող գրեթե մեկ միլիոն հոլանդացի կանանց բժշկական տվյալներին։
Վիճակագրության համաձայն, միջադեպի հետևանքներն արդեն ազդել են քաղաքացիների վերաբերմունքի վրա կանխարգելիչ առողջապահական զննումների նկատմամբ: Լաբորատոր տվյալների արտահոսքից հետո անցկացված հարցումների համաձայն, միջին հաշվով, երկրի բնակիչների մեկ երրորդից ավելին կասկածում է, թե արդյոք ապագայում կմասնակցեն զանգվածային առողջապահական զննումների:
Նշվում է, որ ավելի քան 70,000 կին մտադրություն է հայտնել խմբային հայց ներկայացնել լաբորատորիայի դեմ՝ մեղադրելով այն գաղտնի տվյալների անբավարար պաշտպանության մեջ։






































