Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում քննարկվել է մեխանիզմ, որը քաղաքացիներին հնարավորություն կտա համընդհանուր եկամուտների հայտարարագրման համակարգի միջոցով աջակցել հասարակական կազմակերպություններին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին, հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։
Իշխանություններն այս կերպ մտադիր են ապահովել նրանց ֆինանսավորման թափանցիկությունը։
Կառավարությունը նաև մտադիր է ներդնել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, զանգվածային լրատվության միջոցներին և կուսակցություններին ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման միջոցով հատկացումներ կատարելու համակարգ։
Ակնկալվում է, որ մեխանիզմը լրացուցիչ խթաններ կստեղծի հայտարարագրեր ներկայացնելու համար, կնպաստի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ԶԼՄ-ների ֆինանսական անկախությանը, ինչպես նաև կբարձրացնի նրանց գործունեության հաշվետվողականությունը։
Քննարկման մասնակիցներն ընդգծել են նոր համակարգի միջոցով քաղաքական-ինստիտուցիոնալ մեխանիզմների զարգացման կարևորությունը։
Ամփոփելով քննարկումը՝ Փաշինյանը հայտարարել է, որ նախաձեռնության նպատակն է քաղաքացիներին հնարավորություն տալ աջակցելու իրենց նախընտրած հասարակական, լրատվական և քաղաքական կազմակերպություններին, ինչպես նաև ապահովել նրանց ֆինանսավորման թափանցիկությունը։
Վարչապետն այսօր՝ հուլիսին 9-ին աշխատանքային խումբ է ստեղծել ԶԼՄ-ներում հրապարակումներն ուսումնասիրելու համար։ Կառավարության որոշման համաձայն՝ խումբը կարող է փաստաթղթեր և տեղեկություններ պահանջել պետական մարմիններից, ուսումնասիրություններ անցկացնել և ներգրավել մասնագետների։ Խումբը պետք է առաջարկները ներկայացնի մինչև հուլիսի 30-ը։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ հանձնարարել է ուսումնասիրել լրատվամիջոցների թափանցիկությունը և խոստացել, որ կառավարությունը կմշակի մեխանիզմ, որով քաղաքացիները կորոշեն՝ որ լրատվամիջոցին, կուսակցությանը կամ հասարակական կազմակերպությանն ուղարկել հարկերից առաջացած ֆինանսավորումը։
Հուլիսի 8-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը Փաշինյանն ասել էր, որ խնդիր է նաև ընտրական համակարգի հետագա լավարկումը, կուսակցությունների, լրատվամիջոցների, կազմակերպությունների ֆինանսավորման թափանցիկության ապահովումը և այլն:






































