Հայ-իրանական առևտրի կենտրոնի նախագիծը հաջողությամբ չի պսակվել, և դա ցավալի է Իրանի համար, հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին մամուլի ասուլիսի ժամանակ։
Ասուլիսը հեռարձակել է Armenia Today-ի YouTube-ալիքը։
Դեսպանի խոսքով՝ Իրանի դեսպանատունը Երևանում հատուկ ուշադրությամբ հետևել է նախագծին, իսկ կենտրոնի նպատակը հայ-իրանական առևտրին նոր թափ հաղորդելն ու իրանական արտադրանքը հայկական շուկայում ներկայացնելն էր։
«Ամենայն ափսոսանքով պետք է նշենք, որ կողմերը, թե այս պրոյեկտի շրջանակներում, թե այլ բիզնես աշխատանքների և ծրագրերի գործունեության շրջանակներում ունեցել են որոշակի տնտեսական տարաձայնություն»,- նշել է դեսպանը։
Նրա խոսքով՝ դեսպանատունը փորձել է միջնորդի դեր ստանձնել և կողմերին բերել փոխզիջումային լուծման, բայց գործը արդեն տեղափոխվել է իրավական դաշտ։
«Մենք բնավ չէինք ցանկանա, որպեսզի որևէ սև բիծ մնար այս հարաբերությունների համատեքստում, և մեզ համար անցանկալի է, որ երկու երկրների քաղաքացիների միջև բիզնես գործունեության անհաջող փորձը հանրային կարծիքում ներկայացվեր այնպես, որ Իրանի և Հայաստանի քաղաքացիները չկարողացան իրար հետ աշխատել»,- եզրափակել է Շիրղոլամին։




































