Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականն Ատլանտայում կայացած աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի խաղում հաղթել է Եգիպտոսին և դուրս եկել քառորդ եզրափակիչ, հայտնում է rbcsport-ը։
Խաղն ավարտվել է 3։2 հաշվով՝ գործող աշխարհի չեմպիոնների օգտին։ 2 բաց թողած գոլից հետո Արգենտինայի հավաքականը կարողացել է կամային հաղթանակ տոնել։
Եգիպտոսի կազմում գոլեր են խփել Յասեր Իբրահիմը (15-րդ րոպե) և Մոստաֆա Զիկոն (67)։ Արգենտինայի կազմում աչքի են ընկել Քրիստիան Ռոմերոն (79), Լիոնել Մեսսին (83) և Էնցո Ֆերնանդեսը (90+2)։
Մեսսին գոլային փոխանցում է կատարել Ռոմերոյին՝ դառնալով աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջատար գոլային փոխանցում կատարողը (9): Նա նաև խփել է իր 8-րդ գոլն ընթացիկ մրցաշարում՝ գերազանցելով իր սեփական ռեկորդը մեկ աշխարհի առաջնությունում խփած գոլերի քանակով: 2022 թվականին Կատարում կայացած աշխարհի առաջնությունում նա խփել էր 7 գոլ։
Մեսսին նաև մեկնարկային կազմում էր և խաղացել է իր 14-րդ խաղն աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլում՝ հավասարվելով Գերմանիայի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեի ռեկորդին։
Քառորդ եզրափակչում Արգենտինան կմրցի Շվեյցարիա-Կոլումբիա խաղի հաղթողի հետ։




































