Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 9-րդ գումարման խորհրդարանն առավել հավասարակշռված է անվանել, քան նախկինը։ Նա այս մասին հայտարարել է Հակակոռուպցիոն դատարանում լրագրողների հետ ճեպազրույցում։
«Իմ գնահատմամբ՝ արդյունքները շատ ավելի գոհացուցիչ են: Ես ավելի վատ արդյունք էի ակնկալում, բայց ավելի լավ ստացվեց: Ազգային ժողովն ավելի հավասարակշռված դարձավ, քան նախկինում էր: Այն պարագայում, երբ կա ուժեղ ընդդիմություն, դա զսպում է։ «Բարգավաճ Հայաստան»-ի պարագայում երեք-հինգերորդի հարց կբարձրանար, այդտեղ խնդիրներ էին առաջանալու, հիմա հավասարակշռված է բավականին»,- նշել է նա։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման աշխատանքների հնարավոր շարունակման մասին աշխատանքային քննարկումներին, Տոնոյանը համոզմունք է հայտնել, որ դա հնարավոր է միայն հավասար պայմաններում։
«Կարծում եմ, որ հնարավոր է հավասար պայմաններում իրականացնել, եթե մասնագիտական ներուժը ճիշտ օգտագործվի հայաստանյան կողմից, մասնագիտական ներուժը իր ջանքերը գործադրի, որպեսզի սահմանազատումը ճիշտ իրականացվի»,- շեշտել է նա,
Նախկին նախարարի խոսքով՝ եթե երկու երկրները որոշել են խաղաղության մեջ ապրել, ապա սահմանազատումն անհրաժեշտություն է, որովհետև չսահմանազատված տարածքները կարող են միշտ դառնալ որոշ բացասական գործողությունների խթան։
Խոսելով խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման մասին, Տոնոյանը նշել է, որ որոշ աշխատանքներ հավանաբար սահմանազատման հետ կապված կիրականացվեն։ Նրա պարզաբանմամբ՝ դա ոչ միայն անվտանգային, այլ նաև տնտեսական խնդիր է։
«Չեմ կարող ասել՝ հնարավոր է ստորագրել, թե ոչ, բայց կարծում եմ՝ հնարավոր է սահմանազատման հետ կապված որոշակի աշխատանքներ իրականացնել, որտեղ, բացի անվտանգային բաղադրիչից, առկա է նաև տնտեսական խնդիրը: Ինչ վերաբերում է խաղաղությանը՝ կուզեի հավատալ»,- եզրափակել է նա։




































