«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ «Մուլտի Գրուպ» ձեռնարկություններում իրականացված խուզարկություններից և դրանց կնքվելուց հետո ավելի քան 10 հազար աշխատակից հարկադիր պարապուրդի մեջ է հայտնվել։
Նա իշխանությունների գործողություններն անվանել է հարված տնտեսությանը և նախազգուշացնել պետական բյուջեի հնարավոր բազմամիլիարդանոց կորուստների մասին։ Դատարանից ուղիղ հեռարձակումն իրականացրել է Armenia Today-ի յութուբյան ալիքը։
ԲՀԿ ներկայացուցիչը Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործը որակել է «փուչիկ ու հնարովի»՝ իրավապահների գործողությունները կապելով քաղաքական վրեժխնդրության հետ։ Նա հիշեցրել է, որ քաղաքական գործչի տանը խուզարկությունը տևել է շուրջ 13 ժամ, ինչից հետո նրան տեղափոխել են Քննչական կոմիտե, ապա՝ դատարան՝ կալանավորման միջնորդությունը քննելու համար։
Տոնոյանը մտահոգություն է հայտնել, որ խոսքը մեծ թվով աշխատատեղեր ապահովող և խոշոր հարկատու ընկերությունների մասին է։
«Ավելի քան 10 000 աշխատակից հայտնվել է հարկադիր պարապուրդի մեջ։ Ես պարզապես ուզում եմ հասկանալ՝ որքանո՞վ է նպատակահարմար տնտեսության ողնաշարը քանդելու այս հետևողական նախաձեռնությունը»,- ասել է նա և հավելել, որ այդ ընկերությունների գործունեության դադարեցումը կարող է միլիարդավոր դրամների վնաս հասցնել պետական բյուջեին։
Խոսնակը տեղեկացրել է, որ կնքվել են «Մուլտի Գրուպ» կոնցերնի մեջ մտնող տասնյակ ընկերություններ, ինչպես նաև Multi Grand հյուրանոցի հարևանությամբ գտնվող «Փարավոն» ռեստորանը։ Նրա խոսքով՝ քննչական գործողությունների պատճառով խնդիրներ են առաջացել Multi Wellness կենտրոնի հաճախորդների և այն քաղաքացիների համար, որոնք նախապես հարսանիքների ու այլ միջոցառումների համար խնդրագրեր էին ներկայացրել և սրահներ ամրագրել։
Անդրադառնալով Ծառուկյանի առանձնատնից կենդանիներին կենդանաբանական այգի տեղափոխելու թեմային՝ Տոնոյանը շեշտել է, որ ձևակերպումն ինքնին խնդրահարույց է։ Նա հավելել է, որ քաղաքական գործիչն ունեցել է կենդանիներ պահելու բոլոր անհրաժեշտ թույլտվությունները, իսկ դրանց խնամքի պայմանները համապատասխանել են սահմանված նորմերին ու հանդիսացել լավագույններից մեկը երկրում։ Որպես օրինակ նա հիշեցրել է տարիներ առաջ Երևանի կենդանաբանական այգուն առյուծի ձագ նվիրելու փաստը, ինչը պահանջել էր երկարատև թղթաբանական գործընթաց, և վստահեցրել, որ բոլոր կենդանիների փաստաթղթերը միշտ կարգին են եղել։



































