Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և «Ֆուտբոլ ինվեսթմենթ գրուպը» հայտարարել են «Բենֆիկա Ակադեմիա Հայաստան» նախագծի մեկնարկի մասին, տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
Նախագծի շրջանակում 2027/28 մրցաշրջանից Երևանում կգործի պորտուգալական «Բենֆիկայի» պաշտոնական ակադեմիան, որն առաջինն է Կովկասում։
Ակադեմիան կգործի ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայի տարածքում, որի մի մասը երկարաժամկետ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է նախագծի իրականացման համար։ «Բենֆիկա Ակադեմիա Հայաստանը» կընդունի շուրջ 1000 4-17 տարեկան սանի։
Նախագծի շրջանակում նախատեսվում է արդիականացնել Տեխնիկական կենտրոնի ենթակառուցվածքները՝ հիմնանորոգել 6 խաղադաշտ, կառուցել 2 նոր արհեստական խոտածածկով դաշտ, վերանորոգել մարզադաշտը, փոխարինել լուսավորության համակարգը, վերակառուցել մարզասրահն ու հանդերձարանները։ Հաջորդ փուլում կկառուցվի նաև բազմաֆունկցիոնալ համալիր՝ կացարանային, կրթական և մարզական ենթակառուցվածքներով։
Ակադեմիան կգործի «Բենֆիկայի» տեխնիկական վերահսկողությամբ և մեթոդաբանությամբ՝ ապահովելով մարզիչների վերապատրաստում, խաղացողների զարգացման միասնական համակարգ և միջազգային փորձի փոխանցում հայ մասնագետներին։
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի խոսքով՝ նախագիծը կբարձրացնի հայկական ֆուտբոլի մրցունակությունը և կնպաստի Հայաստանի՝ որպես տարածաշրջանային ֆուտբոլային կրթության կենտրոնի զարգացմանը։


































