Դատարանը 2 ամսով կալանավորել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Դատական գործընթացն ուղիղ հեռարձակվել է Armenia Today YouTube ալիքով։
Նա մեղադրվում է խոշոր չափերով խարադախության, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձանապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեջ։
ՔԿ-ի վարկածով՝ 2022-2024 թվականներին նա, գործով մյուս մեղադրյալների հետ միասին, կազմակերպել է խարդախության սխեմա՝ Իրանից ապրանքների և վառելիքի ներմուծման հետ կապված։ Քննչական կոմիտեն պնդում է, որ դրա արդյունքում գողացվել է ավելի քան 8.1 միլիարդ դրամ (մոտավորապես 21,7 միլիոն դոլար) արժողությամբ գույք։ Նախաքննությունը նաև կարծում են, որ հետագայում ստացված եկամուտը լվացվել է։
Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու ՔԿ-ի միջնորդությունը քննվում էր 09։00-ից։
Ավելի քան հինգ ժամ ՔԿ-ում անցկացնելուց հետո Ծառուկյանը հուլիսի 7-ի գիշերը հայտարարել էր, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։
«Մեղադրանքը լրիվ սարքած է, սուտ, փուչիկ է։ Հարյուր տոկոսով՝ ճիշտ բան չկա, ամեն ինչ պարզ կլինի»,- հայտարարել էր Ծառուկյանը։
Հուլիսի 6-ի առավոտյան իրավապահ մարմինները խուզարկել էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի տունը և նրա հետ կապված ավելի քան 70 ընկերություն։ Ծառուկյանը հետագայում ձերբակալվել է։
Քննչական կոմիտեից հուլիսի 7-ին տեղեկացրել էին, որ քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում Ծառուկյանին առնչվող 70-ից ավելի հասցեում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ։ Ավելի ուշ գերատեսչությունից Armenia Today-ին հայտնել էին Ծառուկյանի ձերբակալության մասին։
Հունիսի 25-ին, ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ։
Ճնշումներն ընդդիմության նկատմամբ ուժեղացել էին խորհրդարանական ընտրություններից հետո։ Հուլիսի 4-ին 5 ընդդիմադիր ուժ, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստանը», Սահմանադրական դատարանի կողմից ընտրությունների արդյունքների հաստատումից հետո հայտարարել էին դիմադրության նոր փուլի մեկնարկի մասին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն սպառնացել էր «ջախջախել» ընդդիմությանը և կոչ արել ընտրությունների արդյունքների հետ անհամաձայն քաղաքացիներին հեղափոխություն անել և փոխել իշխանություններին։
Իններորդ գումարման ԱԺ են մտել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 64 մանդատով, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները՝ համապատասխանաբար 29 և 12 մանդատով։




































