Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հակասահմանդարական է անվանել Ազգային ժողովում Քաղաքացիական պայմանագիր (ՔՊ) կուսակցության հեղինակած ընտրական ցենզի սահմանափակման մասին օրենսդրական փոփոխությունները։
ՀԱԿ-ից նշել են, որ տվյալ սահմանափակումը հակասում է Սահմանադրության մի քանի հոդվածների։ Մասնավորապես, ըստ Կոնգրեսի, այն հակասում է Սահմանադրության 48-րդ հոդվածին, որով երաշխավորվում է քաղաքացիների՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու հիմնարար քաղաքական իրավունքը։
«Այդ հոդվածը ոչ միայն իմպերատիվ ամրագրում է, որ Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը 18 տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու իրավունք, այլև նույն հոդվածով սահմանվում է այն անձանց շրջանակը, որոնք այդ իրավունքից զրկված են։ Այդ ցանկում բացակայում է Հայաստանում որոշակի ժամանակահատված բնակվելու կամ փաստացի գտնվելու պահանջը»,-հայտարարել են Կոնգրեսում։
Կուսակցության պնդմամբ՝ նախագիծը խախտում է նաև Սահմանադրության 2-րդ և 77-րդ հոդվածների հիմնարար դրույթները, քանի որ Մայր օրենքն ժողովրդի ազատ կամաարտահայտումն ու ընտրական իրավունքը չի պայմանավորում երկրում բնակվելու ժամկետով։
ՀԱԿ-ը համարում է, որ փոփոխության իրական նպատակը հանրաքվեների համար անհրաժեշտ քվեների շեմի նվազեցումն է։
Ըստ կուսակցության՝ այս օրենքով իշխանությյունները մտադիր են դյուրացնել Սահմանադրությունը փոփոխելու Ադրբեջանի պահանջի կատարումը, ինչպես նաև կասկածի տակ է դրվելու ապագա իշխանությունների լեգիտիմությունը՝ առաջացնելով սահմանադրական ճգնաժամ։
Ստեղծված իրավիճակում ՀԱԿ-ը կոչ է արել ԱԺ ընդդիմությանն ու Մարդու իրավունքների պաշտպանին (ՄԻՊ)՝ անհապաղ դիմել Սահմանադրական դատարան, ինչպես նաև առաջարկում է ձևավորել հասարակական-քաղաքական դիմադրության ճակատ՝ «պետական ինստիտուտների քայքայումը կանխելու համար»։
«Հակառակ պարագայում գործող ռեժիմը կշարունակի իր աղետաբեր քաղաքականությունը՝ խորացնելով Հայաստանի Հանրապետության ներքին ճգնաժամը և թուլացնելով նրա պետական դիմադրողականությունը»,-եզրափակվում է հայտարարությունը։
ԱԺ-ն հուլիսի 3-ին ընդունել է «Ընտրական օրենսգրքում» և «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որոնց համաձայն՝ խորհրդարանական ընտրություններին և հանրաքվեներին կարող են մասնակցել միայն այն քաղաքացիները, որոնք քվեարկությանը նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանում փաստացի գտնվել են առնվազն 366 օր։ Նույն օրը ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ ՍԴ-ում կվիճարկի ընտրելու իրավունքի սահմանափակումը։
ՄԻՊ-ն իր հերթին կարևորել է ընտրելը և հանրաքվեին մասնակցելու իրավունքները սահմանափակող նախագծերի հանրային քննարկումը։ Ըստ Անահիտ Մանասյանի՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող դերակատարները մտահոգություններ ունեն նախագծերով առաջարկվող նշված կարգավորումների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ։


































