Ֆրանսիայի նախագահ Էմմանյուել Մակրոնը մտադիր է այցելել Սիրիա, հայտնում է Agence France-Presse-ը (AFP)՝ հղում անելով սիրիական իշխանություններին: Սա կլինի արևմտյան երկրի առաջնորդի առաջին այցը Սիրիա 2024 թվականի վերջին Ահմեդ աշ-Շարաայի՝ իշխանության գալուց հետո, և Ֆրանսիայի նախագահի առաջին ուղևորությունն այս երկիր Նիկոլա Սարկոզիի՝ 2009 թվականի այցից ի վեր։
Ուղևորության ստույգ ամսաթվերը դեռևս չեն բացահայտվում։
Մակրոնի այցի պատճառով հետաձգվել է Սիրիայում իշխանափոխությունից հետո Ժողովրդական խորհրդի (միապալատ խորհրդարանի) առաջին նիստը, որը պետք է կայանար հուլիսի 6-ին, հայտնում է Al Hadath հեռուստաալիքը։
Ինչպես նշել են նրա աղբյուրները, «Սիրիայի Ժողովրդական ժողովի առաջին նիստը հետաձգվել է Մակրոնի այցի հետ համընկնելու պատճառով»։ Խորհրդարանի նիստի նոր ամսաթվի վերաբերյալ տեղեկատվություն դեռևս չկա։
Ավելի վաղ Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ֆրանսիայի նախագահը «այց կկատարի Դամասկոս՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման նպատակով»։ Նշվել է, որ Մակրոնին «ուղեկցելու է պատվիրակություն, որի կազմում կլինեն ներդրողներ և ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչներ»։
Աշ-Շարաան և Մակրոնը «կլոր սեղան կանցկացնեն երկու պատվիրակությունների մասնակցությամբ»։
2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները մասշտաբային հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։
Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, ինչից հետո կառավարական ուժերը լքեցին քաղաքը։ Բաշար Ասադը վայր դրեց Սիրիայի նախագահի լիազորությունները և հեռացավ երկրից։
Սիրիայի փաստացի առաջնորդ դարձավ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման ղեկավար Ահմեդ աշ-Շարաան։ 2025 թվականի հունվարի 29-ին նա իրեն հայտարարեց նախագահի պաշտոնակատար անցումային շրջանի ընթացքում, որը, նրա խոսքով, կտևի չորսից հինգ տարի։































