Հավանական չորրորդ ժամկետին ընդառաջ՝ ՉԺՀ նախագահ Սի Ծինփինն ավելի ու ավելի է հենվում իր ամենամերձավոր դաշնակից, Չինաստանի Կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) Կենտկոմի քարտուղարության քարտուղար Ցայ Ցիի վրա։ Վերջինիս հանձնարարված է կուսակցական կադրերի նոր սերնդի ընտրությունը և նրանց գաղափարական հավատարմության վերահսկողությունը։ Այս մասին գրել է «ՌԲԿ»-ն՝ հղում անելով The New York Times-ին (NYT)։
Վերջերս մի քանի առանցքային պաշտոններ զբաղեցնող Ցայը գլխավորել է կուսակցական կենտրոնական դպրոցը, որտեղ պատրաստում են երկրի ապագա ղեկավարներին։ Ջո Բայդենի վարչակազմում ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի՝ Չինաստանի հարցերով նախկին ավագ տնօրեն Ջուլիան Գևիրցի խոսքով՝ Սի Ծինփինի անունից խոսելու հնարավորությունը չինական էլիտար քաղաքականության մեջ ամենահազվագյուտ և արժեքավոր ռեսուրսն է, և հենց Ցայ Ցին ունի այդ իրավունքը։ Նա նաև նշել է, որ Ցայը հավանաբար մտնում է այն մարդկանց շատ նեղ շրջանակի մեջ, ովքեր կարող են Սիի համար պաշտոնյաների վերաբերյալ դոսյեներ պատրաստել։
NYT-ը նշում է, որ Ցայը մտնում է Սիի մերձավոր շրջապատի մեջ դեռևս Չինաստանի արևելյան գավառներում նրանց համատեղ աշխատանքի ժամանակներից։ Ընդ որում, նա միշտ չէ, որ համարվել է կոշտ ապարատային պաշտոնյա։ 2000-ականներին Ցայը հանրաճանաչ էջ էր վարում չինական Weibo սոցիալական ցանցում և գրում. «Բացահայտումը լավ բան է։ Ցանկացած քաղաքական կուսակցության համար բավարար չէ հույսը դնել միայն ինքնակարգապահության վրա»։
Սակայն, պարբերականի հաղորդմամբ, Պեկինում պաշտոնի անցնելուց հետո նա դարձավ Սիի քաղաքական կուրսի գլխավոր գործադրողներից մեկը։ 2017 թվականին, լինելով Պեկինի քաղաքապետ, Ցայը համակարգում էր աշխատանքային միգրանտների զանգվածային արտաքսումը և պաշտոնյաներին կոչ էր անում գործել կոշտ. «Տեղերում պետք է գործել իրական սրերով ու իրական հրացաններով, բերանը արնոտել և խիզախություն ունենալ գնալու ուղիղ բախման»։
Փորձագետների կարծիքով՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցության հաջորդ համագումարից առաջ հենց Ցայն առանցքային դեր կխաղա ղեկավարների նոր սերնդի ընտրության հարցում։ Թայվանցի քաղաքագետ Ցզյանվեն Կոուն նշում է. «Երբ քաղաքական առաջնորդը, ինչպիսին Սի Ծինփինն է, մտնում է իր կառավարման ուշ շրջան, անվստահության զգացումը նրա մոտ սովորաբար ուժեղանում է։ Դրա հետ մեկտեղ նա արդեն այնքան լավ չի ճանաչում նոր սերնդի ենթականերին, ուստի նրանց հետ վստահելի հարաբերություններ հաստատելը շատ ավելի է բարդանում»։
ՉԿԿ XXI համագումարը նախատեսվում է 2027 թվականին։
Չինական կուսակցական Study Times թերթի գլխավոր խմբագրի նախկին տեղակալ Դեն Յույվենը, ով քննադատել է չինական քաղաքականությունը, կարծում է, որ հաշվի առնելով բոլոր տեղի ունեցած իրադարձությունները՝ Ծինփինն էլ ավելի զգուշորեն կմոտենա կադրերի ընտրությանը կուսակցության XXI համագումարից առաջ։ Նրա խոսքով՝ Սին ցանկանում է լիովին համոզված լինել, որ ապագա կուսակցական և պետական ղեկավարների հայացքները լիովին կհամընկնեն իր սեփական հայացքների հետ։
Դեն Յույվենի կարծիքով՝ նույնիսկ եթե Ցայ Ցին հաջորդ տարի լքի իր զբաղեցրած պաշտոնների մեծ մասը, նա կարող է պահպանել Կենտրոնական կուսակցական դպրոցի ղեկավարումը և մնալ Սի Ծինփինի գլխավոր կադրային «ֆիլտրը»՝ նրա «աչքերն ու ականջները»։
Պետական ապարատի հնարավոր վերակառուցումը Չինաստանում տեղի է ունենում ՉԺՀ կուսակցական և ռազմական ղեկավարության զտումների ֆոնին։ Այսպես, 2026 թվականի հունվարի վերջին Կենտրոնական ռազմական հանձնաժողովի փոխնախագահ և ՉԿԿ Քաղբյուրոյի անդամ Չժան Յուսյայի, ինչպես նաև Կենտրոնական ռազմական խորհրդի Միացյալ շտաբի պետ Լյու Չժենլիի նկատմամբ քննություն է սկսվել «կարգապահության և օրենքի լուրջ խախտումների» կասկածանքով։ Ավելի ուշ The Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Չժան Յուսյային կասկածում են նաև ԱՄՆ-ին չինական միջուկային զենքի վերաբերյալ առանցքային տեխնիկական տվյալներ փոխանցելու մեջ։
NYT-ը և Associated Press-ը գրում են, որ չինական բանակում զտումները և բարձրագույն ռազմական ղեկավարության վերաբերյալ կադրային որոշումները պաշտոնապես ուղղված են կոռուպցիայի դեմ պայքարին, սակայն գործնականում ծառայում են նաև չինական առաջնորդի հանդեպ զինվորականների անձնական հավատարմության ամրապնդմանը։
































