«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանում խորհրդարանական ընտրությունների գործի քննության ընթացքում չեն հաստատվել ընդդիմության հասցեին հնչեցված ընտրակաշառքների վերաբերյալ մեղադրանքները։
«Այն հայտարարությունը, որը տեղի էր ունեցել ընտրակաշառքների հետ կապված, որը զրպարտչական էր, վիրավորական էր, անընդունելի էր, հերքվեց Սահմանադրական դատարանում»,- ասել է Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դատական նիստերի ընթացքում հրաժարվել է ընտրակաշառքների վերաբերյալ իր նախկին հայտարարություններից, իսկ «ամեն կերպ փչված փուչիկը» վերածվել է մի քանի առանձին դրվագների, որոնք, նրանց պնդմամբ, որևէ էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա։
Վարդևանյանը ընդգծել է, որ այդ դրվագները որևէ առնչություն չեն ունեցել «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ։
Նա նաև հավելել է, որ Սահմանադրական դատարանի որոշմամբ «արձանագրվել է, որ կա Սահմանադրություն, կա Սահմանադրական դատարան, բայց չկա սահմանադրական արդարադատություն»։
Նրա խոսքով՝ դատարանը չի հաղթահարել սեփական կազմի լեգիտիմության խնդիրը, իսկ ընտրախախտումների վերաբերյալ ընդդիմության ներկայացրած փաստարկները պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացել։
Այսօր ավելի վաղ ՍԴ-ն մերժել էր ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումները։
Ընտրությունների արդյունքները չեղարկելու կամ քվեարկության երկրորդ փուլ նշանակելու պահանջով Սահմանադրական դատարան էին դիմել «Ուժեղ Հայաստան», «Հայաստան», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպաններ» դաշինքները, ինչպես նաև «Նոր ուժ», «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր» և «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունները։ Գործի քննությունը տևել է 6 օր, իսկ դատական նիստերի ընդհանուր տևողությունը կազմել է շուրջ 50 ժամ։ Հուլիսի 1-ին Սահմանադրական դատարանը լսել էր դատավարության մասնակիցների ամփոփիչ ելույթները և հեռացել խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
































