ԱՄՆ նախագահի վարչակազմը ծրագրում է Անկարային վաճառել ավիացիոն շարժիչներ թուրքական հինգերորդ սերնդի Kaan կործանիչների համար՝ շրջանցելով Կոնգրեսը, հայտնել է Associated Press (AP) գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ըստ հրապարակման՝ Պետդեպարտամենտը ծանուցում է ուղարկել ազդեցիկ օրենսդիրներին, որի համաձայն՝ վարչակազմը մտադիր է շրջանցել մոտ 700 միլիոն դոլարի ավիացիոն շարժիչների վաճառքի հարցում Կոնգրեսի դիմադրությունը։
Kaan կործանիչը Թուրքիայում ստեղծվում է 2017 թվականից՝ «Ազգային մարտական ինքնաթիռ» ծրագրի շրջանակում։ Նախատեսվում է, որ 2028 թվականին կսկսվի դրա սերիական արտադրությունը։ Թուրքիայի իշխանությունները նախկինում հայտարարել էին, որ իր մարտավարատեխնիկական բնութագրերով Kaan-ը կգերազանցի ամերիկյան F-35-ին և հեռանկարում կփոխարինի երկրի ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ գտնվող F-16 կործանիչներին։
Ամերիկացի օրենսդիրները նախկինում բազմիցս դեմ էին արտահայտվել ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության խորացմանը, այդ թվում՝ թուրքական հինգերորդ սերնդի կործանիչի համար շարժիչների մատակարարման հարցում։




































