ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամներ, Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA) և հունա-ամերիկյան կազմակերպությունները փորձում են արգելափակել Թուրքիային ավելի քան 700 մլն դոլարի կործանիչների շարժիչների վաճառքն ու նրա վերադարձը F-35 ծրագրին։
ANCA-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հունիսի 24-ին պաշտոնապես ծանուցել է Կոնգրեսին Թուրքիային ավելի քան 700 մլն դոլարի General Electric F-110 կործանիչների շարժիչների վաճառքի ծրագրի մասին։ Դրանք նախատեսված են Թուրքիայի KAAN նոր սերնդի կործանիչների համար։ Ծանուցումից հետո Կոնգրեսն ունի 15 օր՝ գործարքն արգելափակելու համար։
Կոնգրեսական Դինա Տիտուսը նախաձեռնել է երկու գործընթաց։ Առաջինը՝ համատեղ բանաձև, որը պետք է կանխի շարժիչների վաճառքը, երկրորդը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ղեկավարությանը հասցեագրված նամակ, որով պահանջվում է թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 կործանիչների ծրագրին։
Թուրքիան 2019 թվականին հեռացվել էր F-35 ծրագրից այն բանից հետո, երբ ձեռք էր բերել ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերը։ ԱՄՆ օրենսդրությամբ F-35-ների փոխանցումն արգելված է, քանի դեռ Անկարան չի հրաժարվել այդ համակարգերից։ Չնայած դրան՝ Թրամփի վարչակազմը, ըստ ANCA-ի, միաժամանակ առաջ է տանում ինչպես շարժիչների վաճառքը, այնպես էլ Թուրքիայի վերադարձի հնարավորությունը F-35 ծրագրին։
Գործարքի դեմ հանդես են եկել ինչպես դեմոկրատ, այնպես էլ հանրապետական կոնգրեսականներ։ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դեմոկրատ անդամ Գրեգորի Միքսը քննադատել է վարչակազմին՝ Կոնգրեսի վերահսկողությունը շրջանցելու համար, իսկ Դինա Տիտուսը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կներկայացնի վաճառքն արգելափակող բանաձև։ Կոնգրեսական Քրիս Պապասը շեշտել է, որ Թուրքիային չի կարելի վերադարձնել F-35 ծրագրին, քանի դեռ այն չի կատարում ԱՄՆ օրենքների պահանջները։
ANCA-ն և հունա-ամերիկյան կազմակերպությունները նաև ընդգծել են, որ Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը լրացուցիչ հիմք է զենքի վաճառքը կասեցնելու համար։ Կոնգրեսի ղեկավարությանը հասցեագրված նամակում, մասնավորապես, նշվում է Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանի ռազմական գործողություններին Հայաստանի դեմ՝ որպես հանգամանք, որը, ըստ հեղինակների, անհամատեղելի է ԱՄՆ ամենաժամանակակից սպառազինության հասանելիության հետ։
ANCA-ն կոչ է արել ամերիկահայերին դիմել իրենց կոնգրեսականներին՝ աջակցելու Թուրքիային շարժիչների վաճառքն ու F-35 ծրագրին նրա վերադարձն արգելափակող նախաձեռնություններին։
Հունիսի 24-ին ԶԼՄ-ները գրել էին, որ ԱՄՆ վարչակազմը պլանավորում է հաստատել կործանիչների տասնյակ շարժիչների վաճառքը Թուրքիային։























