«Հայաքվե» միավորման անդամները բողոքի ակցիա են անցկացրել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Երևան կատարած այցի ընթացքում՝ նրա ուշադրությունը հրավիրելով Հայաստանի քաղբանտարկյալներին։ Ակցիան ուղիղ հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով։
Ի սկզբանե ակցիան նախատեսվում էր անցկացնել Կառավարության գլխավոր շենքի դիմաց, սակայն ոստիկանության գործողությունների պատճառով այն տեղի է ունեցել շենքի հարակից տարածքում։
Ակցիայի մասնակիցներն անգլերեն կոչերով դիմել են Ֆոն դեր Լայենին՝ հորդորելով աջակցել քաղաքական դրդապատճառներով կալանավորված անձանց ազատմանը։ Նրանք պահել են պաստառներ՝ Սամվել Կարապետյանի, Անդրանիկ Թևանյանի, Ավետիք Չալաբյանի, Արմեն Աշոտյանի, ինչպես նաև քրեական գործերով անցնող հոգևորականների պատկերներով։
Ակցիայի կազմակրպիչներն ընտրությունների հետ կապված քաղաքական հետապնդումների վերաբերյալ կազմված տեղեկանքը էլեկտրոնային նամակի տեսքով ուղարկվել է մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանությամբ զբաղվող կառույցներին։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարել է, որ ժողովրդավարական երկրներում չի կարող լինել 50-ից ավելի քաղբանտարկյալ։ Նրա խոսքով՝ Ֆոն դեր Լայենը «գովաբանում էր ժողովրդավարությունը», որտեղ դեռևս նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ քաղբանտարկյալներ կային։
«Քաղբանտարկյալները իմ ու ձեր չեն լինում։ Քաղբանտարկյալների իրավունքների համար մենք բոլորս պետք է պայքարենք՝ անկախ նրանից, թե նրանք ինչ քաղաքական հայացքներ են ունեցել»,- նշել է նա։
Մամիջանյանը նաև քննադատել է ընտրությունների ժողովրդավարական լինելու մասին հայտարարությունները՝ մինչ Սահմանադրական դատարանի որոշումը դրանց արդյունքների վիճարկման գործով։
Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը հայտարարել է, որ եվրոպական կառույցները, իր գնահատմամբ, հաճախ աչք են փակում Հայաստանում ժողովրդավարական նորմերի և մարդու իրավունքների խախտումների վրա՝ ելնելով աշխարհաքաղաքական շահերից։ Նա նաև Հայաստանն անվանել է «մանիպուլյացիաների հերթական զոհ» և հայտարարել, որ Արցախի հանձնումը պետք է դաս լինի Հայաստանի քաղաքացիների համար։
«Հայաստանն ավելի պաշտպանված չէ, քան Արցախը։ Արցախի հանձնումը դաս պետք է լինի Հայաստանի քաղաքացիների համար։ Այսօր նոր օրենք են ուզում ընդունել՝ ընտրելու իրավունքից զրկելով դրսում ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Եվ սա վերջը չէ, սա նոր բռնաճնշումների ալիքի սկիզբն է»,- նշել է նա։
«Հայաքվե»-ի անդամ Մենուա Սողոմոնյանը հայտարարել է, որ քաղբանտարկյալների հարցում չպետք է լինի «յուրայինների» և «օտարների» բաժանում։ Նրա խոսքով՝ քաղաքական ուժերն ու հասարակական կազմակերպությունները պետք է միասնական լինեն նրանց իրավունքների պաշտպանության հարցում։



































