«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտնել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ Էդիկ Մալոյանի ձերբակալության մասին։
Կարապետյանի խոսքով՝ Մալոյանն այն զինվորականն է, ով 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հետ է վերադարձրել հերոսներ Ռոբերտ Աբաջյանի ու Արմենակ Ուրֆանյանի դիրքերը։ Դաշինքը հայտարարել է, որ գնդապետին ձերբակալել են ուժեղ Հայաստանում ապրելու ցանկության համար, և հավելել, որ հպարտ է նման մարդկանցով ու միշտ լինելու է նրանց կողքին։
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը Armenia Today-ին հաստատել է, որ Մալոյանը ձերբակալվել է գերատեսչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Որոշ ժամանակ անց ՔԿ-ն հրապարակել է գործի մանրամասները՝ Մալոյանին մեղադրելով պետական գաղտնիք հհանդիսացող տեղեկություն հրապարակելու մեջ, ինչպես նաև նշել, որ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ գնդապետին և գործով անցնող երկրորդ անձին կալանավորելու համար։
Ըստ քննչական մարմնի վարկածի՝ հանդիսանալով Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատար և չունենալով պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններին հասանելիության թույլտվություն, Մալոյանը նույն զորամասի գաղտնիության ռեժիմի սպա Ռ. Ջ.-ին, ով ունեցել է համապատասխան թույլտվությունը, դրդել է հրապարակել գաղտնի տեղեկատվություն։ Դրանից հետո, ըստ նախաքննության տվյալների, գնդապետն ինքն է հրապարակել այդ տեղեկությունները։
Գնդապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 426-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող, ապօրինի ստացված տեղեկությունները հրապարակելը) և 46-427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակմանը դրդելը)։ Այս հոդվածներով նախատեսվում է պատիժ՝ ազատության սահմանափակումից (մեկից երեք տարի ժամկետով) մինչև ազատազրկում՝ մինչև հինգ տարի ժամկետով։ Գործով երկրորդ անձին՝ Ռ. Ջ.-ին, մեղադրանք է առաջադրվել 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակումը), որի պատժաչափը նույնպես նախատեսում է մինչև հինգ տարի ազատազրկում։




































