ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեն և «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հերքել են Երևանի խմելու ջրի մատակարարման ժամանակացույցի փոխման մասին տեղեկությունները։
Ըստ հաղորդագրության՝ վերջին երկու օրերին Երևանի Արաբկիր, Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում արձանագրված ջրանջատումների պատճառը ոչ թե գործող ժամանակացույցն է, այլ «Արզնի 1» ջրատարի վթարված հատվածի նորոգումը։
Նշվում է, որ Պտղնիի ձորում 900 մմ տրամագծով ջրատարի 90 գծամետր հատվածը փոխարինվել է 1000 մմ տրամագծով պողպատե խողովակաշարով։ Հայտարարված մինչև 36-ժամյա ջրանջատման տևողությունը պայմանավորված էր ոչ միայն բուն վերանորոգման աշխատանքներով, այլև ջրատարի և ջրավազանների վերալցման տեխնոլոգիական գործընթացով, որը ևս մի քանի ժամ է պահանջում։
«Հուլիսի 2-ի դրությամբ նորոգման աշխատանքներն ավարտված են, ընթանում է ջրավազանների լիցքավորումը, և Արաբկիր, Կենտրոն ու Էրեբունի վարչական շրջաններում կանոնավոր ջրամատակարարումը կվերականգնվի հայտարարված ժամկետում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից 2025 թ. նոյեմբերին և 2026 թ. փետրվարին հրապարակվել էին ժամանակացույցեր, որոնց համաձայն 2026 թ. մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը Երևան քաղաքի բազմաթիվ բաժանորդների ջրամատակարարումը պիտի կրճատվեր մինչև օրական 17 ժամ։
Կառավարության միջամտության արդյունքում Ջրային կոմիտեն և «Վեոլիա Ջուր» ընկերությունը վերանայել էին հրապարակված ժամանակացույցը։ Գերատեսչությունները պետք է աշխատեին երկու ուղղություններով՝ Երևան քաղաքում իրականացվող ջրամատակարարման համակարգերի և բաշխիչ ցանցերի կապիտալ հիմնանորոգման աշխատանքներ և նոր ջրաղբյուրների հայտնաբերում ու նոր ջրածավալների տեղափոխում քաղաք Երևան։
Նշվում է, որ հուլիսի 2-ի դրությամբ Երևան քաղաքի բաժանորդները շարունակում են օգտվել ջրամատակարարման այն նույն ժամանակացույցից, որը գործում էր մինչեւ մայիսի 1-ը, այսինքն՝ ապրիլի 3-ին հրապարակված ժամանակացույցը դեռևս ուժի մեջ չի մտել, քանի որ «Վեոլիա Ջուր» ընկերությանը եւ Ջրային կոմիտեին հաջողվել է արագացված տեմպերով իրականացնել վերոնշյալ աշխատանքները։
Բացի դրանից, ՀՀ կառավարության և «Վեոլիա Ջուր»-ի միջև կնքված համաձայնագրի շրջանակում գրեթե ավարտին են հասցվել շուրջ 11 միլիարդ դրամի կապիտալ աշխատանքներ Երևանի Նուբարաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջաններում, ինչպես նաեւ մի շարք մարզերում։ Նաև հավելել են, որ ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում երեք նոր աղբյուրներից ջրային ռեսուրսների՝ Երևան տեղափոխման ուղղությամբ։
Ավելի վաղ «Վեոլիա ջուր»-ը հայտնել էր, որ Երևանը հուլիսի 1-ից անցնում է նոր գրաֆիկով ջրամատակարարման։ Ըստ հաղորդագրության՝ 2,5 ամիս մայրաքաղաքի մեծ մասում ջրամատակարարումը կիրականացվի 17-19-ժամյա գրաֆիկով։ Որոշ շրջաններում կլինի շուրջօրյա ջրամատակարարում։

































