«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում կասկածներ են շրջանառվում, որ Ռուբեն Ռուբինյանի ընտրությունը որպես ԱԺ նախագահի թեկնածու հրահանգված է արտաքին ուժերի կողմից, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Այս վարկածի օգտին է մեկնաբանվում նաև այն հանգամանքը, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն անմիջապես շնորհավորել էր նրան, երբ ընդամենը կուսակցական մարմինն է երաշխավորել Ռուբինյանի թեկնածությունը։
Ըստ թերթի՝ փակ քվեարկության ժամանակ Ռուբինյանը 12 ձայն է ստացել, իսկ Ալեն Սիմոնյանը՝ ընդամենը 5, մյուս 3 ձայնը Հայկ Կոնջորյանինն էին։
Խմբակցությունում կասկած չեն ունեցել, որ Սիմոնյանը շարունակելու է պաշտոնավարել, պատմել է թերթը։ Ըստ հրապարակման՝ դա տեսանելի էր իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ շփումներից։ Բացի այդ, նա ինքն էր բոլորին հավաստիացրել, որ ունի Փաշինյանի աջակցությունը: Սակայն Փաշինյանի որոշմամբ՝ բաց քվեարկությունը հանկարծ անցկացվել էր փակ ու գաղտնի, պարզաբանել է լրատվականը։
Թերթի պնդմամբ՝ Փաշինյանը որոշել էր չեզոքացնել Սիմոնյանին, քանի որ նրա թքելու պատմությունը և անձնական կյանքի վայրիվերումները նրան դուր չեն եկել։ Դա է պատճառը, ըստ թերթի, որ ՔՊ ցուցակը կազմելիս Սիմոնյանը հայտնվել էր հետին՝ 14-րդ հորիզոնականներում, երբ Ռուբինյանը՝ 7-րդ, իսկ Կոնջորյանը 11-րդն տեղում էին։
Հունիսի 25-ին գաղտնի, փակ քվեարկությամբ ՔՊ վարչությունն ԱԺ նախագահի թեկնածու էր ընտրել փոխխոսնակ Ռուբինյանին։




































