Իսրայելն ու Լիբանանը շրջանակային համաձայնագիր են ստորագրել Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, հայտնում է Reuters-ը:
Եռակողմ փաստաթուղթը Վաշինգտոնում ստորագրել են Լիբանանի դեսպան Նադա Մուավադը, նրա իսրայելցի գործընկեր Եչիել Լեյթերը և ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական Դանիել Հոլլերը: Պաշտոնյաները շրջանակային համաձայնագրի մանրամասներ չեն ներկայացրել:
Լիբանանի դեսպանը նշել է, որ համաձայնագիրն «առաջին քայլն է Լիբանանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ռազմական գործողությունների մշտական դադարեցումն ապահովելու ուղղությամբ»:
Լեյթերի խոսքով՝ «այս արդյունքների վրա հիմնված եռակողմ շրջանակը բացառում է Իրանը, բացառում է «Հեզբոլլահը» և բացում է Իսրայելի և Լիբանանի միջև խաղաղության ճանապարհը»: Գործակալության տվյալներով՝ համաձայնագրի ստորագրումից առաջ Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ քննարկվել է Իսրայելի կողմից Լիբանանի հարավում Իսրայելի կողմից զբաղեցված տարածքի մի մասը լիբանանյան բանակի վերահսկողությանը փոխանցելու առաջարկը:
Պետդեպարտամենտի անանուն պաշտոնյան Reuters-ին հայտնել է, որ Իսրայելը համաձայնել է զորքերը դուրս բերել այդ տարածքի մի մասից:
ԱՄՆ-ի հովանու ներքո լիբանանա-իսրայելական բանակցությունների հինգերորդ փուլն ընթացել էր Վաշինգտոնում հունիսի 23-25-ը:
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 2-ին ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել էր 4230 մարդ, վիրավորվել՝ 12 179-ը։ Մարտերի ընթացքում զոհվել էր 32 իսրայելցի զինվոր և քաղաքացիական 4 անձ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը և Միացյալ Նահանգները Շվեյցարիայում կայացած բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել Լիբանանում Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև մարտական գործողությունները դադարեցնելու մեխանիզմի շուրջ։





































