Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցկացրել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի թեմայով խորհրդակցություն, հայտնել է վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Ըստ նրա՝ հայեցակարգի հաջող իրականացման համար անհրաժեշտ է մշակել հստակ գործողությունների ծրագիր՝ ճշգրիտ համադրելով քաղաքաշինական, սոցիալական և տնտեսական գործոնները:
Իսկ Քաղաքաշինության կոմիտեն կարևորել է թաղամասի պատմական միջավայրի պահպանման, տնտեսական զարգացման և մշակութային ակտիվացման համադրումը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2024 թվականի փետրվարին հայտնել էր, որ Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է իրացման և օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու նպատակով։ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն ասել էր, որ Կոնդի բնակիչների համար կապահովվի փոխհատուցում՝ «շուկայական արժեք+15%» սկզբունքով։
Հայաստանի քաղաքաշինության կոմիտեն Armenia Today-ին տեղեկացրել էր, որ նույն տարվա հոկտեմբերի 6-ին ամփոփվել էին առաջին փուլի արդյունքները, և երկրորդ փուլ էր անցել ամենաբարձր միավոր հավաքած 7 աշխատանք: Մարտին ավագանու անդամ Գարիգորի Երիցյանը տեղեկացրել էր, որ Կոնդի վերաբերյալ հանրային քննարկում չի կայացել, բնակիչները տեղյակ չեն ծրագրից։




































