Գյումրիից Մոսկվա մեկնած ուղևորատար ինքնաթիռը թռիչքի ընթացքում տագնապի ազդանշան է փոխանցել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Flightradar՝ թռիչքներին հետևելու առցանց ծառայությանը։
Boeing տեսակի օդանավը Գյումրիից օդ է բարձրացել Մոսկվայի ժամանակով ժամը 11:24-ին։ Թռիչքից մոտ մեկ ժամ անց, գտնվելով Դաղստանի օդային տարածքում, այն փոխանցել է արտակարգ իրավիճակի ազդանշան և իջել շուրջ 3000 մետր բարձրության։
Չվերթը նախատեսված էր Մոսկվա հասնել Մոսկվայի ժամանակով ժամը 15:25-ին։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում, տուժածներ չկան։
Ավելի ուշ Ռուսաստանի Քննչական կոմիտեն (ՔԿ) Գյումրի-Մոսկվա չվերթի հարկադիր վայրէջքի պատճառ է անվանել տվիչի սխալը։ ՌԴ ՔԿ տվյալներով՝ Մախաչկալայի օդանավակայանում «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը ապահերմետիկացման տվիչի սխալ գործարկումն է։
«Պոբեդա» ավիաընկերությունից հայտնել են, որ Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը արտապլանային վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում, որտեղ իրականացվում է օդանավի տեխնիկական վիճակի գնահատում: Նշվել է, որ վայրէջքն անցել է բարեհաջող: Ավիաընկերությունից չեն հստակեցրել արտապլանային վայրէջքի պատճառները: Օդանավում եղել է 186 մարդ: Ուղևորներին Մոսկվա կուղարկեն այլ ինքնաթիռով:
Նյութը թարմացվել է 22.06 | 15։50

































