Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի ներմուծման սահմանափակումների ու Եվրամիության երկրներ և Ուկրաինա առաջին մատակարարումների ֆոնին ՀՀ կառավարությունը քննարկել է արտահանման շուկաների ընդլայնման հարցը։
Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի ներմուծման սահմանափակումները հետևանքով ներքին շուկայում գները նվազել էին։ Ավելի վաղ ջերմոցային տնտեսությունների սեփականատերերը Armenia Today-ին հայտնել էին ծաղիկների գների կտրուկ նվազման մասին։
Գործադիրում խորհրդակցության ընթացքում քննարկվել են արտահանումը, իրացման նոր շուկաները, ինչպես նաև ԵՄ և այլ երկրներ մատակարարումներին աջակցելու միջոցառումները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է արտադրողների հետ համագործակցությունը զարգացնելու և տնտեսության դիվերսիֆիկացումը շարունակելու անհրաժեշտության մասին։
Զուգահեռաբար «Արմենպրես» պետական գործակալությունը, հղում անելով Կիևում բնակվող քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանին, հայտնել է, որ հայկական ծաղիկների առաջին խմբաքանակը՝ 9,5 հազար ծաղիկ, մեկ բեռնատարով հասցվել է Ուկրաինա։ Հայաստանի իշխանությունները Ուկրաինա ծաղիկների մատակարարումների մեկնարկի մասին առայժմ պաշտոնապես չեն հայտնել։
Հակոբյանի խոսքով՝ առաջիկա օրերին Ուկրաինա կհասնի երկրորդ բեռնատարը՝ մոտավորապես նույն ծավալի արտադրանքով։ Նշվում է, որ ներմուծողն Ուկրաինայում բնակվող հայ գործարար է, իսկ առաջին խմբաքանակն արդեն գրեթե ամբողջությամբ իրացվել է։
Մոսկվայի և Երևանի հարաբերությունները լարվել են՝ հայկական կողմից ՀԱՊԿ գործունեության քննադատության և Հայաստանի՝ Եվրամիության հետ կապերի ընդլայնման շուրջ հայտարարությունների ֆոնին։ Այս փուլում ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ-ից մի շարք ապրանքների ներմուծումը, կասեցրել ՌԴ-ում գտնվող խմբաքանակների իրացումը։ Ապրանքների թվում են ծաղիկները, «Ջերմուկ» հանքային ջուրը, խմիչքի առանձին խմբաքանակներ, մրգեր, բանջարեղեն, ինչպես նաև չրեր։ Ձկան և ձկնամթերքի ներկրումը կասեցվել էր հունիսի 1-ին։
ՀՀ կառավարությունը հունիսի 4-ին հավանություն էր տվել նախագծին, որով նախատեսում է փոխհատուցել պտուղբանջարեղեն և ծաղիկներ արտահանողներին այս ամսվա համար՝ արտադրանքն այլընտրանքային շուկաներ մատակարարելու դեպքում: Գործադիրն ավելի ուշ հունիսին մրգեր, գինի ու կոնյակ արտահանողներին փոխհատուցում տրամադրելու որոշում էր կայացրել։
Նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական ծաղիկներն սկսել են մատակարարվել նոր շուկաներ, սակայն հրաժարվել էր ուղղությունները հստակեցնել մինչև բեռի տեղ հասնելը։ Հունիսի 4-ին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ավելի քան 50 մլն եվրոյի ֆինանսական աջակցություն՝ ՌԴ-ի սահմանափակումների ֆոնին։
Ավելի ուշ ֆոն դեր Լայենը հայտնել էր, որ հայկական ծաղիկների առաջին խմբաքանակը՝ 11 հազար հատ, արդեն հասցվել է Լիտվա։ Նիդեռլանդների իշխանությունները հայտնել էին, որ աշխարհի խոշորագույն ծաղկային շուկան՝ Royal Flora Holland-ը, բացվել է հայ արտադրողների համար։ Հայաստանից 5,5 հազար ծաղկից բաղկացած խմբաքանակ էր արտահանվել նաև Լատվիա։
Կարդացեք նաև՝




































