ԱՄՆ-ի և Իրանի միջև հունիսի 19-ին փոխըմբռնման հուշագիր կստորագրվի Շվեյացրիայում, հայտնում է Independent-ը։
«Այս մեծ գործարքը խաղաղություն և անվտանգություն կբերի ամբողջ տարածաշրջանին»,- Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփի խոսքով՝ գործարքի ստորագրումից հետո կբացվի Հորմուզի նեղուցը, իսկ ԱՄՆ-ն կդադարեցնի իրանական նավահանգիստների ռազմածովային արգելափակումը։
«Ուրբաթ գործարքի ստորագրմամբ նեղուցի բացման արդյունքում, ականազերծման նպատակով, նավթը կրկին կհոսի տարածաշրջանի և աշխարհի համար երկու ուղղություններով»,- գրել է նա։
Թրամփի հայտարարությունից հետո նավթի գները նվազել են․ Brent տեսակի նավթի ֆյուչերսներն էժանացել են 4,6%-ով՝ հասնելով 83,61 դոլարի, իսկ ամերիկյան West Texas Intermediate-ը՝ ավելի քան 4,85%-ով՝ հասնելով 80,76 դոլարի։
Ըստ Reuters-ի աղբյուրների՝ հուշագիրը նախատեսում է Հորմուզի նեղուցի անհապաղ բացում, իսկ ԱՄՆ-ի սահմանած արգելափակումը պետք է վերացվի 30 օրվա ընթացքում։ Վաշինգտոնը չի սահմանի նոր պատժամիջոցներ Իրանի դեմ, ինչպես նաև նախապես համաձայնեցված ժամկետներում կչեղարկի գործող սահմանափակումները, կազատի Իրանի 25 մլրդ դոլարի ակտիվները և իր դաշնակիցների հետ կմշակի Իրանի վերականգնմանն ուղղված ծրագիր։
Իրանն, իր հերթին, պարտավորվում է չբարձրացնել ուրանի հարստացման մակարդակը և նոսրացնել առկա պաշարները՝ պահպանելով համաձայնեցված սահմանաչափերը։ Ծրագրի մանրամասները պետք է քննարկվեն առաջիկա 60 օրվա ընթացքում։
The Guardian-ը, հղում անելով Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադիին, հայտնում է, որ համաձայնագիրը նախատեսում է ռազմական գործողությունների «անհապաղ և մշտական դադարեցում» բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։
«Ինտենսիվ բանակցություններից հետո ուրախ ենք հայտարարել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության համաձայնագիրը ձեռք է բերվել։ Երկու կողմն էլ հայտարարել են բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցման մասին»,- գրել է X-ում Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։
Շարիֆը հունիսի 13-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության համաձայնագիրը, հավանաբար, վերջնականապես կստորագրվի առաջիկա 24 ժամվա ընթացքում։ Նույն օրը Թեհրանի գլխավոր բանակցողներից և Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը X-ում գրել էր, որ Բեյրութի վրա Իսրայելի հարվածները ցույց են տվել, որ «ԱՄՆ-ն կա՛մ չունի իր պարտավորությունները կատարելու կամք, կա՛մ չունի դա անելու կարողություն»՝ զգուշացնելով, որ հարվածները կարող են վտանգել բանակցությունները։
ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին։ ԶԼՄ-ները մայիսի վերջին հայտնել էին , որ ԱՄՆ-ն ու Իրանը մոտ են 60-օրյա հրադադարի համաձայնագիր կնքելուն։ Այս ֆոնին, սակայն, ԱՄՆ-ն և Իրանը շարունակել են հարվածներով փոխանակվել։ Հունիսի 9-ին Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կհայտարարի Իրանի նկատմամբ «լիակատար հաղթանակի» մասին և կկնքի վերջնական գործարք։




































