«Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանը հայտնել է ընտրությունների արդյունքները վիճարկելու և քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց սկսելու մասին։
«Մենք կտրականապես մերժում ենք ընտրությունների հայտարարված արդյունքները և համարում ենք ապօրինի, որոնք չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների իրական կամքը»,- շեշտել է Թաթյանը։
Նա նշել է, որ ընտրական գործընթացը հենց սկզբից ուղեկցվել է իշխանության կողմից վարչական ռեսուրսի աննախադեպ չարաշահմամբ: Թաթոյանը շեշտել է, որ գործում էր համակարգված սխեմա` բարձրագույն իշխանության քարոզարշավի պատասխանատու ներկայացուցիչներ, այդ թվում` համայնքապետերը քաղաքացիներին համատարած ենթարկում էին պարտադրանքի ու վախի:
«Ստիպում էին չգնալ մեզ հետ հանդիպումների, վախեցնում, որ աշխատանքից կհեռացնեն ընտանիքի անդամին: Բազմաթիվ էին դեպքերը, երբ ըստ քաղաքացիների` իշխանությունից պահանջել են լուսանկարել քվեաթերթիկը և հետո ապացուցել, որ քվեարկել են իշխանության օգտին»,- հայտարարել է նա:
Նա նշել են, որ քաղաքացիներից համատարած պահանջում էին ներկայանալ իշխանության հավաքներին` սպառնալով ազատել աշխատանքից, ենթարկել հարկային տուգանքների և այլն:
Թաթոյանը հիշեցրել է իր կողմից հրապարակված ձայնագրությունները, երբ պետական աշխատողներին պարտադրում էին ՔՊ միջոցառումներին մասնակցել, որը որևէ արձագանք իրավապահ մարմիններից չի ունեցել:
Կուսակցության նախագահը նաև հավելել է, որ ընտրություններն աչքի են ընկել նրանով, որ տեղի են ունեցել բացահայտ միջամտություններ օտար պետություններից` Բաքվից, Անկարայից, Բրյուսելից, Վաշինգտոնից ու Մոսկվայից:
Կուսակցությունից համոզմունք են հայտնել, որ իշխանական կուսակցությունն իրականում չի ստացել այն աջակցությունը, որ ինքն իրեն վերագրում է պաշտոնական արդյունքներով։ Նրանք նաև համոզված են, որ «Միասնության թևերի» օգտին քաղաքացիների քվեները կեղծված են:
Ավելի վաղ ընտրությունների արդյունքները վիճարկելու մտադրության մասին հայտնել էր նաև «Հայաստան» դաշինքի առաջնորդ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվել էին Ազգային ժողովի ընտրություններ, որոնց մասնակցում էր 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ընտրությանը, ԿԸՀ նախնական տվյալներով, մասնակցել է 1 477 736 (58,94%) մարդ՝ 2 503 976 ընտրողից: ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել են երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։ Նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է 49,825%, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,281%, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 9,934%։






































