Մենք վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները, հայտարարել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Այս ընտրություններն անցել են իշխանական համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալությունների, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման ու ընտրախախտումների պայմաններում»,- նշել է Քոչարյանը։
Նա հայտնել է, որ հետագա անելիքները քննարկում են ընդդիմադիր դաշտի գործընկերների հետ և իրենց մոտեցումները կներկայացնեն այդ քննարկումների ավարտից հետո:
Քոչարյանը նաև շնորհակալություն է հայտնել «Հայաստան» դաշինքին տված վստահության յուրաքանչյուր քվեի համար և շեշտել, որ «չեն ընկրկելու, չեն լքելու պայքարի խրամատը»։
Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվել էին Ազգային ժողովի ընտրություններ, որոնց մասնակցել է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ընտրությանը, ԿԸՀ նախնական տվյալներով, մասնակցել է 1 477 736 (58,94%) մարդ՝ 2 503 976 ընտրողից: ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել է քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։ Նախնական արդյունքներով՝ ՔՊ-ն ստացել է 49,825%, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,281%, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 9,934%։




































