ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է ընտրակաշառք տալու, ինչպես նաև հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու գործով մի շարք անձանց ձերբակալելու մասին։
Կոմիտեն չի հայտնել ձերբակալվածների անունները: Գերատեսչության վարկածով՝ նրանք անցնում են «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հետ կապված գործով:
Կոմիտեն հրապարակել է ձայնագրություններ և պնդել, որ դրանք վերաբերում են դաշինքի պատգամավորի թեկնածուի հոր մասնակցությամբ Ազգային ժողովի ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալուն։
Նշվում է, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
ՀԿԿ-ն հայտնել է նաև, որ ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնված վարույթներով՝ ձերբակալվել է 194 անձ, քրեական հետապնդում է հարուցվել 209 անձի նկատմամբ, 84 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոցներ են ընտրվել կալանքը և տնային կալանքը, իսկ 85-ի նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոցներ, 12 վարույթով նախաքննությունը 45 անձի վերաբերյալ ավարտվել է մեղադրական եզրակացությամբ:
Այսօր ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի ձերբակալման որոշման մասին։
Մարտի 30-ից իրավապահ մարմինները հրապարակում են նյութեր, որոնցում դաշինքի ներկայացուցիչները մեղադրվում են բարեգործության մասին օրենքը խախտելու, կաշառք տալու և խոստանալու մեջ։ Քաղաքական ուժի ներկայացուցչի խոսքով՝ ձերբակալվածների և բերման ենթարկվածների թիվը գերազանցել է 300-ը։ Կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ գործերի մեծ մասը դատարաններում չեն հաստատվում և օգտագործվում են որպես ընտրություններից առաջ ճնշման գործիք։
«Ուժեղ Հայաստան» դաշինքում հերքում են մեղադրանքները՝ կատարվածն անվանելով քաղաքական հալածանք։ Դաշինքում հայտարարում են, որ գործում են օրենքի շրջանակներում և ընտրակաշառք չեն կիրառում։
Կարդացեք նաև՝
Սև PR ու Պանդորայի արկղ․ Հակոբյանը կանխատեսել է ընտրարշավի ամենաթեժ փուլը
Ընտրողը փնտրում է «ուժեղ ձեռք», որը թույլ չի տա ՀՀ-ի խաթրին կպնել․ Աթանեսյան

































