Ռուսաստանը և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մյուս երկրները մինչև դեկտեմբեր կուսումնասիրեն միավորմանը Հայաստանի անդամակցության կասեցման հնարավորությունը, «Ինտերֆաքսին» հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ միության պետությունները մտադիր են այս հարցը մշակել իրավական տեսանկյունից։ Նա ընդգծել է, որ ԵԱՏՄ գործող պայմանագիրը չի պարունակում մեխանիզմներ ո՛չ Միությանը երկրի մասնակցության ժամանակավոր կասեցման, և ո՛չ էլ նրան միավորումից հեռացնելու համար։
«Մենք հիմա կուսումնասիրենք, թե ինչ կնշանակի կասեցումը։ Ճշմարտությունն այն է, որ Միության մասին պայմանագրով նախատեսված չէ անդամակցության կասեցման և անդամներին հեռացնելու ռեժիմ, ուստի այս ամենը պետք է շատ ուշադիր, իրավական տեսանկյունից, ուսումնասիրել մինչև դեկտեմբեր»,- ասել է Օվերչուկը։
Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները շարունակում են լարված մնալ՝ Երևանի կողմից ՀԱՊԿ գործունեության քննադատության և Եվրոպական միության հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված հայկական իշխանությունների կուրսի ֆոնին։
Վերջին ամիսներին Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության և ԵՄ-ին ինտեգրման համատեղումը կարող է անհնարին լինել՝ երկու միավորումների տնտեսական և մաքսային կանոնների տարբերությունների պատճառով։
Մայիսի 29-ին ԵԱՏՄ երկրների առաջնորդները Հայաստանին կոչ էին արել եվրաինտեգրման հարցով հանրաքվե անցկացնել։ Ռուս պաշտոնյաները նաև նախազգուշացրել էին Հայաստանին՝ Եվրոպական միություն մտնելու դեպքում մի շարք տնտեսական առավելությունների հնարավոր կորստի մասին: Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեմայով հանրաքվեն հնարավոր է միայն, երբ Երևանը պաշտոնապես կդիմի Եվրոպական միությանը կամ երբ երկիրը կստանա թեկնածուի կարգավիճակ:
2025 թվականի հունվարին Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել Եվրոպական միությանը երկրի անդամակցության գործընթաց սկսելու օրինագծին:




































