«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ, իրավաբան Գոհար Մելոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործերին և առաջադրված մեղադրանքներին:
Նրա խոսքով՝ Հայաստանում իրականացվող իրավական գործընթացները կդառնան դասագրքային օրինակներ այն մասին, թե ինչ չի կարելի անել իրավական պետությունում:
«Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրություններից սկսած՝ վերջացրած ազատազրկումներով ու կալանքներով, բոլոր այս դրվագները մեկ նպատակ ունեն՝ սպասարկել օրվա իշխանության քաղաքական շահը և մեր անունը կապել ինչ-որ հնարովի կաշառքների հետ: Մեր քաղաքական ուժը կաշառք տալու խնդիր չունի: Մենք ունենք հանրային սեր և աջակցություն»,- հայտարարել է Մելոյանը:
Որպես իր խոսքի ապացույց՝ նա հավելել է, որ երբ Կարապետյանը գտնվում էր կալանավայրում, տասնյակ հազարավոր մարդիկ ինքնակամ անդամակցել են նախ «Մեր ձևով» հասարակական կազմակերպությանը, ապա «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժին: Ըստ նրա՝ սա նորություն է ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային պատմության մեջ, ինչը վկայում է Կարապետյանի անցած ուղու, նրա կատարած մեծածավալ բարեգործությունների և նրա նկատմամբ ժողովրդի վստահության մասին:
Կուսակցության ներկայացուցիչ Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ փողերի լվացման վերաբերյալ առաջադրված մեղադրանքն իրավաբանն անվանել է նոնսենս: Նրա խոսքով՝ նույն անձին պատկանող մի կազմակերպությունից մյուսին միջոցների փոխանցումը որակվել է որպես փողերի լվացում, ինչը չի համապատասխանում անգամ հանցակազմի մոտավոր բնորոշմանը:
Մելոյանը մայիսի 17-ին հայտարարել էր, որ «Ուժեղ Հայաստանի» բերման ենթարկված կամ ձերբակալված համակիրների թիվն արդեն անցնում է 300-ը։ Հունիսի 2-ին երկու ամսով կալանավորվել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանյանը։ Նա անցնում է նախընտրական հավաքներին ենթադրյալ մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման գործով:



































