Ռուսաստանը կասեցրել է հայկական ընկերությունների կողմից ձկան և ձկնամթերքի ներկրումը, բացառությամբ տեսչական ստուգումն անցած երկու ձեռնարկության, հայտարարել է «Ռոսսելխոզնադզորի» մամուլի ծառայությունը։
Ըստ ռուսական գերատեսչության հաղորդագրության՝ այդ որոշումը կայացվել է մայիսի 21-27-ը Հայաստանում անցկացված ձկնավերամշակող ձեռնարկությունների, ինչպես նաև իշխանաբուծական տնտեսությունների ստուգումների արդյունքում։
«Ռոսսելխոզնադզորի»-ից նշել են, որ ձկան և ձկնամթերք արտադրող ընկերությունների շուրջ 50%-ը հրաժարվել է տեսչական ստուգումներից։
«Հունիսի 2-ից հայկական կողմը պետք է բոլոր ընկերությունների համար կասեցնի Ռուսաստան արտահանվող կենդանի ձկան և ձկնամթերքի անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումը, բացառությամբ ստուգումն անցած երկու ձեռնարկության»,- հայտնել են «Ռոսսելխոզնադզորից»։
Սահմանափակումը գործելու է մինչև արձանագրված խնդիրների կարգավորումը, մանրամասնել են գերատեսչությունից և հավելել, որ թույլտվություն ստացած երկու գործարանի արտադրանքը Ռուսաստան կներկրվի անվտանգության ցուցանիշների լաբորատոր վերահսկողության անցման պայմանով։
Ավելի վաղ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնը հայտնել էր, որ «Ռոսսելխոզնադզորի» հետ համատեղ ստուգումներից հետո Ռուսաստան ներկրման թույլտվություն է ստացել հայկական երկու ձկնաբուծական ընկերություն՝ «ՄՖ Էքսպորտը» և «Ինվեստ Պլյուսը»։ Մյուս ձեռնարկություններում, ինչպես նաև բուսաբուծական 8 արտադրական հարթակում իրականացված ստուգումներն այժմ գտնվում են ամփոփման փուլում։






































