«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը Մայիսի 28-ի ուղերձում հայտարարել է, որ այսօր Հայաստանը 108 տարի անց կրկին կանգնած է ուժեղ պետություն կառուցելու ընտրության առաջ։
Կարապետյանի խոսքով՝ հայ ժողովրդի հաղթանակը 1918 թվականի մայիսյան հերոսամարտերում և հայկական պետականության վերականգնումը ցույց են տվել, որ ժողովուրդը որոշել է ապրել սեփական պետությամբ, ոչ թե ուրիշների ողորմությամբ։
Նա հիշեցրել է, որ հայ ժողովուրդը կարողացել է հասնել դրան՝ չունենալով բանակ, ռեսուրսներ և տնտեսություն, սակայն ունենալով ամենակարևորը՝ կամք։
«Այսօր խոնարհվում ենք նրանց առաջ, ովքեր կռվեցին, որպեսզի Հայաստանը գոյություն ունենա քարտեզի վրա, բայց մայիսի 28-ը միայն անցյալի մասին չէ, այլ մեր այսօրվա քննությունն է»,- հայտարարել է նա։
Կարապետյանի խոսքով՝ այսօր՝ 108 տարի անց, կրկին նույն հարցն է կանգնած Հայաստանի առաջ՝ «կլինե՞նք ուժեղ պետություն, թե՞ թույլ տարածք, որի ճակատագիրը որոշում են ուրիշները»։
Նա անդրադարձել է նաև Հանրապետության հրապարակում անցկացված ռազմական շքերթին՝ նշելով, որ յուրաքանչյուր հայ հպարտանում է իր զինվորով, սակայն հավելել է, որ «բանակը քայլերթի մասին չէ, ոչ էլ PR-ի»։
«Ոչ մի ռազմական շքերթ մեզ չի պաշտպանելու, երբ գան 300 000 ադրբեջանցիներ։ Փոքրիկ խմբակի կողմից նման միջոցառումների իրականացումը նպատակ ունի թաքցնել իրականությունը՝ ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու ծրագիրը»,- ասել է նա։
Կարապետյանի խոսքով՝ այսօրվա իշխանությունների օրոք յուրաքանչյուր քայլ արվում է բացառապես ցուցադրության համար, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին երկրի, զինվորի անվտանգությունը չի հետաքրքրում։
«Ուժեղ բանակ չի լինում թույլ իշխանությամբ, ուժեղ բանակ չի լինում, երբ պետությունը կորցնում է արժանապատվությունը, երբ հերոսների անունները մոռացվում են, իսկ պարտությունները ներկայացվում են որպես խաղաղություն»,- հայտարարել է նա։
Նրա խոսքով՝ թույլ պետության հետ հաշվի չեն նստում, այլ պարտադրում են ապրել վախով։
«Բայց մայիսի 28-ը վախի օր չէ, մայիսի 28-ը պետական կամքի օր է»,- շեշտել է Կարապետյանը։
Նա նշել է, որ առաջիկա ընտրությունները պարզապես քաղաքական գործընթաց չեն լինելու, այլ պատասխան այն հարցին՝ արդյոք հայ ժողովուրդը պատրա՞ստ է նորից վերցնել իր պետության պատասխանատվությունը։
«Եթե դուք չեք գնում ընտրության, ձեր փոխարեն որոշում են ուրիշները, եթե դուք լռում եք, ձեր երեխաների ապագան գրում են ուրիշները»,- ընդգծել է նա։
Նա համոզմունք է հայտնել, որ միայն ժամանակակից տեխնոլոգիաներով, խելացի սահմաններով, պաշտպանված օդով, տեղական ռազմական արդյունաբերությամբ և արժանապատիվ զինծառայությամբ հնարավոր կլինի կառուցել ուժեղ բանակ և մնայուն խաղաղություն։
Կարապետյանն ավելի վաղ հայտարարել էր, որ իշխանություններն «առանց ամոթի զորահանդես են անցկացնում»՝ ընդգծելով, որ հպարտանալու ոչինչ չունեն։ Կուսակցության քաղաքական խորհրդի անդամ և դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը զորահանդեսն անվանել էր նախընտրական և նշել «միմյանց հետ անհամատեղելի» սպառազինության ձեռքբերման մասին։
Ադրբեջանում կալանքի տակ գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկա պայմաններում զորահանդեսի անցկացումն անբարոյական էր համարել՝ նշելով, որ բանակը կառուցվում է նախևառաջ բարոյական և հայրենասիրական ոգու վրա։
ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը տեղի ունեցողն անվանել էր «անբարոյական քաղաքական հնարք ընտրություններից առաջ»՝ հավելելով, որ զորահանդեսն օգտագործվում է պետության հաշվին քաղաքական գովազդի համար։
Կարդացեք նաև՝





































