Թուրքիան, որն իր տնտեսությունը կառուցել է Հայոց ցեղասպանության վրա, համարձակվում է Իսրայելին մեղադրել ցեղասպանության մեջ։ ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսրայելի ժառանգության հարցերով նախարար Ամիհայ Էլիյահուն՝ արձագանքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալիքներին։
«Թուրքիան, որը նվաճել է Հյուսիսային Կիպրոսը և վերահսկում է քրդական տարածքներն արևելքում, համարձակվում է մեզ բարոյախոսության դասեր տալ: Թուրքիան, որն իր տնտեսությունը կառուցել է Հայոց ցեղասպանության վրա, համարձակվում է մեզ մեղադրել ցեղասպանության մեջ»,- ընդգծել է իսրայելցի նախարարը՝ Էրդողանին մեղադրելով երկդիմության մեջ:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը, Կուրբան բայրամ (Իդ ալ-Ադհա) տոնի առթիվ ուղղված ուղերձում, սպառնացել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ հայտարարելով, թե վերջինս շուտով «արժանի դաս կստանա» ամբողջ աշխարհի մուսուլմանների կողմից։ Նա նաև հավելել էր, որ քանի դեռ առկա է հնազանդությունը, իսլամական աշխարհը կլինի «միասնական, համախմբված և ուժեղ»։
Չնայած Էրդողանի կոշտ հռետորաբանությանը և Իսրայել հնարավոր «մուտք գործելու» մասին հայտարարություններին՝ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը նշել էր, որ Անկարայի պաշտոնական դիրքորոշումն է՝ թույլ չտալ երկրի ներքաշումը պատերազմի մեջ։
Իսրայելա-թուրքական հարաբերություններում Հայոց ցեղասպանության մասին հիշատակումներն սկսվել էին Թուրքիայի կողմից Իսրայելին՝ Գազայում իրականացրած ցեղասպանության մեջ մեղադրելուց սկսած։ Նեթանյահուն 2025-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ճանաչում է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից հայերի, ասորիների և հույների դեմ իրականացված ցեղասպանությունը։





































