Մայիսի 22-ի առավոտյան ուժայինները քննչական գործողություններ են սկսել «Մայր Հայաստանի» գրասենյակում՝ կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանի նկատմամբ խորհրդարանի փակ նիստի տեղեկությունները հրապարակելու վերաբերյալ առաջադրված մեղադրանքների ֆոնին։
Գրասենյակում խուզարկությունների տեսանյութը հրապարակել է կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
Տեսանյութում լսվում է կնոջ ձայն, ով պահանջում է ներկայացնել քննչական գործողության մեկնարկի մասին փաստաթղթերը։ Նա հրաժարվել է դադարեցնել նկարահանումը մինչև դրանց ներկայացումը և փաստաբանի ժամանումը։
«Ես չեմ անջատելու հեռախոսը, քանի դեռ դուք չեք ներկայացրել քննչական գործողություն իրականացնելու մասին ծանուցում։ Կշարունակեմ նկարահանել մինչև փաստաբանի գալը»,- տեսանյութում ասում է կինը։
Կադրերում երևում է նաև Թևանյանը։ Իրականացվող գործողությունների վերաբերյալ իրավապահ մարմինները դեռևս պաշտոնական մեկնաբանություններ չեն հրապարակել։
Ժամեր անց ՀՀ գլխավոր դատախազությունից Armenia Today-ին հայտնել են, որ մայիսի 22-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդություն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար։
Ավելի ուշ ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանն Armenia Today-ին հայտնել է, որ հանձնաժողովն ստացել է գլխավոր դատախազի միջնորդությունը՝ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։
«Այսօր ժամը 17։00-ին ԿԸՀ-ն դռնփակ կքննի Թևանյանի՝ պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու հարցը»,- նշել է նա։
Որոշումը կհրապարակվի հանձնաժողովի կայքում։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ուժայինները Թևանյանի հետ գրասենյակից գնացել են նրա տուն՝ այնտեղ նույնպես խուզարկություններ իրականացնելու նպատակով։ Խուզարկությունից հետո, Թևանյանի փոխանցմամբ, ուժայինները նրա տնից տարել են համակարգիչներ և իրեր։
Թևանյանի նկատմամբ գործողություններն սկսվել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նրա դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու մասին հայտարարությունից մեկ օր անց։
Քննչական կոմիտեն մայիսի 21-ին հայտնել էր Թևանյանի նկատմամբ պետական դավաճանության և լրտեսության փաստով քրվարույթ նախաձեռնելու մասին՝ պատգամավոր լինելու ժամանակ խորհրդարանի՝ 2024-ի փակ նիստի տվյալների հնարավոր հրապարակման պատճառով։ Թևանյանն անհեթեթ էր անվանել իրեն առաջադրված մեղադրանքները՝ նշելով, որ 2023-ին մանդատը վայր էր դրել, և 2024-ին ֆիզիկապես չէր կարող ԱԺ-ում լինել։
Թևանյանը հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների պատգամավորության թեկնածու է՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համարը։
Թարմացված է՝ 22.05.2026 | 13։00






























