Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռիում քարոզարշավի ժամանակ սպառնացել է վերահսկողության տակ վերցնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը։
Փաշինյանն ԱԺ ընտրություններին մասնակցող ԲՀԿ առաջնորդի սեփականության շուրջ գործընթացը «պետականացում» է անվանել։
«Շատ շուտով Ծառուկյանի բիզնես-ողնաշարը՝ Արարատի ցեմենտի գործարանը, դառնալու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը, չմանրամասնելով, խոսել է «բացահայտումների մասին», որն էլ, ըստ նրա, ընկերությունը վերահսկողության տակ վերցնելու հիմք կարող է դառնալ։
«Կառավարությունն արդեն գրություն է ստացել դատախազությունից, ըստ որի՝ գույքը ենթակա է պետականացման»,- ասել է նա։
Փաշինյանն այս համատեքստում հիշեցրել է Հայաստանի խոշոր ընկերությունների՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ գործընթացները՝ շեշտելով, որ նույն տրամաբանությամբ էլ գործելու են «Արարատցեմենտ»-ի մասով։
«Ինչպես ՀԷՑ-ում էր նշանակվել է կառավարիչ, նույնը կարվի նաև «Արարատցեմենտ»-ում»,- ասել է նա։
Փաշինյանն «Արարատցեմենտի» աշխատակիցներին շնորհավորել է, իր խոսքով, «ազատագրման» առիթով՝ նշելով, որ Ծառուկյանի և վերջինիս փեսայի՝ Կարապետ Գուլոյանի «հրահանգները կատարելու կարիք այլևս չունեն»։
2021-2022 թվականներին կառավարությունն ստացել էր ԶՊՄԿ-ի բաժնեմասը՝ շուրջ 21,8% պետական մասնակցությամբ։ Ընդդիմությունն ու փորձագետների մի մասը մտահոգություններ էին հայտնել առ այն, որ այս նախադեպն, իրականում, կարող է վերածվել ընտրովի ճնշման գործիքի՝ խոշոր բիզնեսի նկատմամբ։
Երեք տարի անց՝ 2025-ին, երբ ՀԷՑ-ի սեփականատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը քննադատել էր իշխանությունների՝ Հայ Առաքելական եկեղեցու հասցեին հնչեցրած հայտարարությունները, իշխանությունները հայտարարել էին ՀԷՑ-ը պետական վերահսկողության տակ փոխանցելու մտադրության մասին։ Կարապետյանը կալանավավորվել էր և ավելի քան հինգ ամիս անազատությունից հետո տեղափոխվել տնային կալանքի։
Չնայած Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտը կառավարությանը պարտավորեցրել էր ձեռնպահ մնալ բռնագրավման քայլերից, ՀԾԿՀ-ն ավելի ուշ դադարեցրել էր ՀԷՑ-ի լիցենզիան։ «Տաշիր» ընկերությունների խումբը տեղի ունեցողը որակել է որպես քաղաքական գործընթաց և ահազանգել ներդրումային միջավայրի վտանգների մասին։




































