Դատարանը մեկ ամսով կալանավորել է բլոգեր Արտակ Ավետիսյանին, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվանել էր «դավաճան», հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Քննիչները միջնորդություն էին ներկայացրել բլոգերի կալանքի համար։ Նրա դեմ քրեական գործ էր հարուցվել ատելություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի հոդվածով, առավելագույն պատիժը՝ 4 տարվա ազատազրկում։ Իրավապահ մարմինները նաև խուզարկել էին Ավետիսյանի տունը։
Բլոգերի հետ կապված միջադեպը տեղի էր ունեցել մայիսի 12-ին Երևանի Շենգավիթ շրջանում։ Վարչապետին և շրջանում քարոզարշավ իրականացնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին ուղղված տեսաուղերձում ակտիվիստը նշել էր, որ «Շենգավիթում հաճելի ձևով կդիմավորեն թռածներին», իսկ ավելի ուշ բղավել էր՝ «Նիկոլը դավաճան է», որից հետո նրան ձերբակալել են իր հղի կնոջ ներկայությամբ։





























