ՀՀ կառավարությունը նախատեսում է ժամանակավորապես չեղարկել 2008 թվականից գործող սահմանափակումը, որով մի շարք պետությունների քաղաքացիներ մուտքի վիզա կարող էին ստանալ միայն դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսարանների միջոցով՝ հրավերի առկայության դեպքում:
Որոշման նախագծի համաձայն՝ COP17 համաժողովի շրջանակներում որոշակի երկրների ներկայացուցիչներ հնարավորություն կստանան մուտքի վիզա ձևակերպել նաև E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով:
Նախագիծը մշակվել է ՀՀ շրջակա միջավայրի և Արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության կողմից: Ակնկալվում է, որ փոփոխությունները կդյուրացնեն միջազգային համաժողովի մասնակիցների առանձին խմբերի համար Հայաստանի մուտքի արտոնագրերի ստացման կարգը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի հուլիսին հայտնել էր, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը Երևանում կանցկացվի կենսաբազմազանության COP17 համաժողովը։
Կառավարությունը փետրվարին որոշում էր կայացրել պետբյուջեից լրացուցիչ 73,7 միլիոն դրամ հատկացնել ՇՄՆ-ին՝ համաժողովի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում աշխատակիցների արտասահմանյան գործուղումները ֆինանսավորելու համար:





































