ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է, որ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի կողմից բարեգործության արգելքը խախտելու վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ քրեական վարույթ չի նախաձեռնել:
Ըստ ՀԿԿ-ի՝ Սափեյանն իրականացրել է ի պաշտոնե բխող գործառույթներ՝ ուղղված համայնքային խնդիրների լուծմանը:
«Այդ կերպ՝ Սափեյանը սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշումներ կայացրել է ոչ թե որպես կուսակցության անդամ կամ պատգամավորի թեկնածու, այլ որպես համայնքի ղեկավար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մայիսի 2-ին «Փաստինֆո»-ն հայտնել էր, որ Սափեյանն ապրիլի 27-ին ստորագրել էր սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշում, ըստ որի՝ «Վարդանանց» ՍՊԸ-ին փոխանցվել էր 370 000 դրամ, ինչպես նաև Լաերտ Խաչատրյան ԱՁ-ին՝ 30 000 դրամ՝ շահառուներին սնունդ ձեռք բերելու նպատակով։
Միևնույն ժամանակ՝ 9 անձի սոցիալական աջակցություն էր ցուցաբերվել՝ 30 000-40 000 դրամից մինչև 100 000 դրամի չափով։ Համայնքապետը նաև փոխանցել էր տարբեր քաղաքացիների սպառած էլեկտրաէներգիայի, ջրի գումարը, ինչպես նաև 54 160 դրամի չափով դեղորայքի գումար։
Թերթը հիշեցրել է, որ համայնքապետը որոշել է սոցիալական աջակցություն տրամադրել ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ, երբ արդեն հայտնի էր ընտրության օրը և գործում էր բարեգործության արգելքը։
Ավելի ուշ Սափեյանը հայտարարել է, որ աջակցությունը Թալինում բաժանվել է խոցելի խմբերին, և այդ ծրագիրը 4 տարի է՝ գործում է։ Ըստ նրա՝ աջակցությունը տրամադրվել է տարբեր ուղղություններով և տարբեր չափերով՝ սննդի ու դեղորայքի ձեռքբերումից մինչև բժշկական օգնություն և կյանքի դժվար իրավիճակների հաղթահարում։




































